ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ն ՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՂԱՆ ԱՄՆ-Ի ՈՒ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լրացավ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական ակտի 15-րդ տարելիցը: ԱՄՆ-ում այդ օրը ի սկզբանե համազգային նշանակություն էր ձեռք բերել` ստիպելով մարդկանց վերաիմաստավորել իրենց անցյալը: Սակայն աստիճանաբար աղավաղվում է օրվա խորհուրդը` տեղը զիջելով քաղաքական մանր խարդավանքներին: Հայաստանում գրեթե նույնպիսի մթնոլորտ առաջացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շուրջ:

2001թ. սեպտեմբերի 11-ի աշխարհացունց ահաբեկչությունը մոտ 3000 մարդու կյանք խլեց, ավելի քան 6000 քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ: Միացյալ Նահանգները առաջին անգամ ենթարկվում էր օտարների հարձակմանը մայր հողում, որի հետեւանքով թե՛ մարդկային զգալի կորուստներ եղան, թե՛ հոգեբանական ծանրագույն իրավիճակ առաջացավ: Ի դեպ, հատկապես վերջինի հետեւանքով մի կարճ ժամանակ տեղի ունեցավ ազգային իրական մեծ համախմբում, եւ նախագահ Բուշի հանրային վարկանիշը մոտեցավ 90 տոկոսի: Ազգային միասնականությունը, սակայն, կառավարող վերնախավը ուղղորդեց ոչ այնքան պետական ինստիտուտների հզորացմանը, թեեւ հանուն արդարության հարկ է նկատել, որ այդ հարցում որոշակի աշխատանք տարվեց, որքան ԱՄՆ-ի արտաքին հավակնությունների բավարարմանը: Այդ իմաստով են ընկալվում թե՛ Աֆղանստանի, թե՛ Իրաքի ռազմական գործողությունները:
Շարքային ամերիկացիների խնդիրները, այդուհանդերձ, դրանով չլուծվեցին, իսկ արդեն 2008թ. ֆինանսական ճգնաժամը կրկնապատկեց դրանց չափաբաժինը` նախագահ Բուշի վարկանիշը հասցնելով պատմական նվազագույնի:
Սեպտեմբերի 11-ից 15 տարի անց ԱՄՆ-ում նախագահական նոր ընտրություններ են, որոնք աչքի են ընկնում գերազանցապես բացասական ուրվածգով: Թեկնածուների միջեւ արժեքների պայքար որպես այդպիսին գոյություն չունի: Թրամփի ու Քլինթոնի հակադրությունը պայմանավորված է մանր դեպքերով, մասնավոր-կենցաղային խնդիրներով: Ճակատագրորեն հենց 2016թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում: Ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը ժամանակից շուտ լքելը, մեքենային մոտենալիս հանկարծակի ընկնելը, Կալիֆոռնիա կատարելիք այցի չեղարկումը առիթ ծառայեցին Քլինթոնի շուրջ հյուսված բազմաթիվ լեգենդների վերհանման համար: Թեեւ նախկին պետքարտուղարի նախընտրական շտաբը պաշտոնապես հայտարարեց, որ Քլինթոնը հիվանդ է թոքաբորբով, ԱՄՆ-ի ու համաշխարհային լրատվականների հետաքրքրությունը դրանով ավելի աճեց: Սոցիալական ցանցերը պայթեցին Քլինթոնին տարաբնույթ հիվանդություններ վերագրելով, ընդհուպ մինչեւ կանխագուշակություններ հնչեցնելով նախկին առաջին տիկնոջ մոտալուտ մահվան մասին: Չէր բացառվում նույնիսկ դիտավորյալ թունավորման վարկածը: Մի շարք պարբերականներ նույնիսկ հայտարարեցին, որ Քլինթոնը կրկնօրինակ ունի, որին օգտագործում է իր փոխարեն հրապարակային հանդիպումների ժամանակ:
Քլինթոնի հիվանդության փաստին հրատապորեն արձագանքել է նաեւ նրա մրցակիցը` Հանրապետականի թեկնածու Դոնալդ Թրամփը: Վերջինս ակնարկել է, որ օրեր առաջ Քլինթոնի հազալը ավելի ցուցիչ էր, քան սոսկ սովորական թոքաբորբի: Առողջություն մաղթելով իր հիմնական մրցակցին` Թրամփը նաեւ պատմել է, որ ինքը նույնպես բժշկական ստուգում է անցել եւ մասնագետների ամբողջական գնահատականը ստանալուց հետո անմիջապես հրապարակելու է այն: Ըստ էության, Հանրապետական թեկնածուն օգուտ քաղելու միտումով է համեմատություն անցկացրել իր ու Քլինթոնի առողջական վիճակների միջեւ` անուղղակիորեն հավաստելով, որ այդ հարցում էլ է ինքն ավելի նախընտրելի: Փաստորեն, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառներն ու հետեւանքները վերագնահատելու փոխարեն 15 տարի անց ԱՄՆ-ում թեկնածուների քննարկման առարկան լրիվ այլ հարթությունում է` հեռու պետության ապագայի տեսլականի տիրույթից:
Հայաստանում սեպտեմբերի 11-ին համարժեք ցնցում եղել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց Հայաստանի պետական-քաղաքական ընտրանին: Այդ ողբերգական իրադարձությունը նույնպիսի շոկ առաջացրեց Հայաստանում եւ մնաց իբրեւ խարան Հայաստանի քաղաքական կյանքի հետագա զարգացման վրա: Հայաստանում էլ այն օրերին ի սկզբանե համախմբվեցին նախագահի շուրջը, սակայն կարճ ժամանակում Քոչարյանը ցույց տվեց, որ իրեն նման համախմբումը իրականում հետաքրքիր էր լոկ կարճաժամկետ կտրվածքով իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Թերեւս հենց ոճրագործության բացահայտման հարցում Քոչարյանի ունեցած բացասական դերակատարությունը, ինչպես քանիցս բարձրաձայնել են տուժողների հարազատները, պայմանավորեց նրա հանդեպ հասարակական վստահության անկումը, եւ իր նախագահության ավարտին Քոչարյանը հանրային իրական աջակցություն չուներ: Ի դեպ, եթե ԱՄՆ-ում սոցիալական հարցումների հավաստիության պատճառով կարող ենք դրանց վրա հիմնվելով դատողություններ անել, ապա Հայաստանում այդ ինստիտուտի չգոյության պատճառով զրկված ենք նման հնարավորությունից: Սակայն Քոչարյանի նախագահության իրական գնահատականը այս առումով 2008թ. Մարտի 1-ն էր, երբ հեռացող Քոչարյանը ստիպված էր իր ժառանգորդին գահին բազմեցնել առնվազն 10 մարդու գնդակահարության գնով:
Թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ սեպտեմբերի 11-ը հայ եւ ամերիկյան հասարակություններում ճակատագրական նշանակություն ունեցան: Երկու ահաբեկչություններն էլ միտված էին պետության զարգացման ընթացքի կտրուկ խաթարմանը: Եթե ամերիկյան քաղաքական հարաբերություններում միայն այսօր է երեւում այդ իրադարձության ուղղակի բացասական ազդեցությունը, ապա Հայաստանում ահաբեկչությունից անմիջապես հետո պարզ դարձավ քաղաքական կյանքի շրջադարձի ենթարկվելու փաստը: Հայաստանում ահաբեկչությունը կաթվածահար արեց քաղաքական առողջ համակարգի կազմավորումը, որի պատճառները` մեկնաբանված, իսկ հետեւանքները վերացված չեն ցայսօր: Արդ, ԱՄՆ-ում 2016թ. ընտրությունները կարող են ստուգատեսային լինել՝ պարզելու համար, թե որքանով է ոչ կոմպետենտ նախագահը ի զորու ազդել պետական-կառավարման համակարգի եւ քաղաքական կյանքի նորմալ զարգացման վրա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԲԵՆԶԻՆԻ ԳՈՂԵՐԸ
Արա Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ՝ Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի նորոգման վաշտի հատուկ աշխատանքների դասակի հրամանատար, օգտվելով այն հանգամանքից, որ վաշտի հրամանատարի որոշակի համարով կնիքը գտնվում է իր մոտ, 2015թ. սեպտեմբերի 12-ին պոկել է զորամասի ավտոհավաքակայանում կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքի կնիքը, բացել այն եւ գաղտնի հափշտակել 20 լիտր ավտոբենզին, փակել բաքը եւ կնքել իր մոտ գտնվող կնիքով: Փայլակ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի ավտոփականագործ, 2015թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 6-ը ընդգրկված լինելով զորամասի վերակարգում, 2015թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի գնացել է զորամասի զինավանի ավտոհավաքակայանում կայանած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի մոտ, պտուտակահանով քանդել է ավտոմեքենայի աջ բաքից դեպի շարժիչ տանող խողովակի բնիկը եւ գաղտնի հափշտակել 40 լիտր ավտոբենզին: Սասուն Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի առբեռնման ջոկի վարորդ, 2015թ. նոյեմբերի 7-ին Փ. Մկրտչյանից 10 հզ դրամ գումարով ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքից վերջինիս կողմից հափշտակված 40 լիտր ավտոբենզինը: Ա. Դավթյանին եւ Փ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդ. 1-ին մասով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը), Ս. Մովսեսյանին՝ 216 հոդ. 1-ին մասով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել): Ա. Դավթյանի եւ Ս. Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Փ. Մկրտչյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այս քրգործով դատավարությունը շարունակվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ «ԴԱՐԴԸ»
Իջեւան քաղաքի ֆուտբոլասերները ցանկանում են դիտել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը: Նախկինում նրանք այդ հանդիպումներին հետեւում էին մարզային «Տավուշ» հ/ը եթերում, որը վերահեռարձակում էր «ԱՏՎ» հ/ը ծրագրերը: Հիմա «Տավուշ» հ/ը վերահեռարձակում է «Արարատ» հ/ը հաղորդումները: Այդ հեռուստաընկերությունը ֆուտբոլի Իսպանիայի կամ այլ երկրի առաջնության խաղեր չի ցուցադրում: Դիմեցինք «Տավուշ» հ/ը տնօրեն Ժան Գալստյանին՝ պարզելու, թե ինչումն է խնդիրը: Նա ասաց, որ իրենք «ԱՏՎ» հ/ը տնօրենի հետ խնդիրներ են ունեցել, վերջինս արգելել էր ժամը 18-ից հետո այդ հեռուստաընկերության հաղորդումների արանքում տեղական բնույթի հայտարարություն զետեղել, իրենք էլ դադարեցրել են նշված հեռուստաընկերության ծրագրերի վերահեռարձակումը եւ ցուցադրում են «Արարատի» հաղորդումները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՏՈՒՆ ԳՐԱՎԱԴՐԵԼ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14 հազար 32 գործարք: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դրանց հիմնական մասը իրականացվել է մայրաքաղաք Երեւանում եւ կազմել 40.8 տոկոս:

ՀՀ Կոտայքի մարզում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 11.1 տոկոս, Արմավիրում եւ Լոռիում կազմել է 7 տոկոս, Վայոց ձորի մարզում՝ 2.3 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 36.3 տոկոս: Այսինքն՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականցված գործարքները 4.5 տոկոսով ավելացել են:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական վիճակագրությունից հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից 28.5 տոկոսը վերաբերել է օտարելուն, վաճառքին: Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է նաեւ անշարժ գույքի գրավադրումը՝ 1.8 տոկոսով: Այս տարվա հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը կազմել է 12.7 տոկոս: Հայտնի է, որ մարդիկ սոցիալապես ծանր պայմանների պատճառով են միայն իրենց բնակարանները գրավադրում: Եւ նրանցից շատերը ուղղակի չեն կարողանում գրավադրած տան, բնակարանի վարկային պարտավորությունները կատարել եւ հայտնվում են փողոցում՝ անտուն կարգավիճակով:
Հավելենք նաեւ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում բնակարանի 1 քմ-ի գինը 250-1000 դրամով բարձրացել է: Նույն իրավիճակն է նաեւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Սակայն այստեղ բնակարանի 1 քմ-ի թանկացումը սկսում է 50 դրամից եւ տատանվում 1000 դրամի սահմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս