Սեպտեմբերի 9-ից Հայաստանում մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը եւ կանցկացվի ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում եւ մայրաքաղաքում: Նախաձեռնողը «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն է: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի եւ Արցախի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որպես դրական երեւույթ ընդգծեց այն, որ փառատոնն անցկացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի մյուս, ավելի փոքր քաղաքներում, որտեղ փառատոները բնակիչների համար վերածվում են իսկական տոնի: Ի դեպ, փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից եւ այլ երկրներից:
«Թեեւ ես գիտեմ, որ փառատոնի կազմակերպիչների ֆինանսական հնարավորությունները սուղ են, այնուամենայնիվ, սա ցույց է տալիս, որ մարդիկ հաճույքով են գալիս Հայաստան: Այս կերպ մենք ծանոթանում ենք ուրիշ երկրների մշակույթին. սա շատ կարեւոր է: Այլապես, եթե փակենք մեր բոլոր «անոթները», ինքներս մեզնից շատ բան «կգողանանք»»,-նկատեց պարոն Բաբայանը:
Նշենք, որ Երեւանի պետական տիկնիկային թատրոնը փառատոնին մասնակցում է «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումով (բեմադիչ` Զարուհի Անտոնյան, նկարիչ` Ալինա Ալեքսանյան), որը հասցրել է ցուցադրվել տասնյակ միջազգային փառատոներում: Ավելին` մեկ ամիս անց էլ թատրոնն այս ներկայացմամբ մեկնում է Ռումինիա` կրկին մասնակցելու միջազգային փառատոնի:
Նշենք նաեւ, որ տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի շրջանակում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում, վարպետության դասեր հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաեւ էքսկուրսիաներ, կցուցադրվեն ֆիլմեր: Ռ. Բաբայանը մեզ տեղեկացրեց, որ իրենց թատրոնի երկու առաջատար դերասաններ` Դերենիկ Մարտիրոսյանը եւ Արա Հակոբյանը, արդեն մեկնել են Գյումրի` վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Նրա խոսքով` ներկաները բացառիկ հնարավորություն կունենան լսելու վարպետների խորհուրդները, ծանոթանալու նրանց փորձին:
Մեր այն հարցին, թե ինչով է հայաստանյան տիկնիկային արվեստը տարբերվում աշխարհի մյուս երկրների տիկնիկային արվեստից, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Մենք շատ լայն ֆորմատով ենք աշխատում` օգտագործելով տիկնիկային արվեստի բոլոր ձեւերը. սա այդքան էլ հեշտ բան չէ: Մեր թատրոնը, օրինակ, պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել «Մատնաչափիկը», որը ներկայացնում է ստվերների թատրոնը. առաջին անգամ ենք նման բան անում: Այսինքն` մեր թատրոնը սահմանափակումներ չունի. հենց դա է մեր առավելությունը»:
Իսկ անդրադառնալով տիկնիկային արվեստում մեր բացերին` Ռ. Բաբայանը շեշտեց, որ միշտ էլ սովորելու շատ բան ունենք. «Ժամանակակից թատրոնը տարբեր նորարարությունների, տեխնիկական զարգացման պահանջներ է ներկայացնում, ուստի հարկավոր է համապատասխան մասնագետներ ունենալ: Այդ մասնագետները օդից չեն գալու. պետք է ակտիվ լինենք կրթական ոլորտում փորձի փոխանակման հարցում, որպեսզի երիտասարդները, որոնք նպատակ ունեն մասնագիտանալ այս ասպարեզում, տեսնեն այն նորը, որը կատարվում է աշխարհում»,-եզրափակեց նա:
ՌԵԺԻՍՈՐԸ ՀԵՌՈՒՍՏԱԴԱՇՏ ԿԲԵՐԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ
Սեպտեմբերի վերջին «ATV» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի նոր սերիալ, որը կոչվում է «Կայարան»: Հեռուստանովելի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը: Գլխավոր հերոսներին հեռուստադիտողները նախ կտեսնեն փոքր տարիքում, ապա` երիտասարդ հասակում: Ե. Արշակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սերիալի հիմքում ընկած է սիրո պատմություն` լի խոչընդոտներով, իսկ կայարանը այստեղ սիմվոլիկ բնույթ է կրում. հեռուստանովելի անունը պետք չէ բառացի հասկանալ. «Երրորդ սերիայից հետո պարզ կլինի` ինչու «Կայարան»»,-ասաց ռեժիսորը:
Ե. Արշակյանը, ով հասցրել է փոքրերի հետ նկարահանման հրապարակում աշխատելու փորձ ձեռք բերել, կարծում է, որ այս անգամ եւս դերասանների ընտրության հարցում չի սխալվել. «Սերիալի գլխավոր հերոսներին մարմնավորող այդ փոքրիկներին շատ եմ սիրել: Ուրախ կլինեմ, եթե նրանք հետագայում ընտրեն հենց դերասանի ուղին»,-խոստովանեց նա:
Ինչ վերաբերում է արդեն երիտասարդ տարիքում գլխավոր հերոսներին մարմնավորող դերասաններին, ռեժիսորը տեղեկացրեց, որ դաշտ է բերել նոր դեմքերի. «Նրանք թատերական ինստիտուտի ուսանողներ են` 20-21 տարեկան, շատ խոստումնալից ապագայով: Երկուսն էլ` Վարուժան Մարգարյանը եւ Քրիստինե Կույումջյանը, որոնք կերտում են Արամի եւ Արփիի կերպարները, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի կուրսից են»,-մանրամասնեց նա` խոստանալով, որ հեռուստադիտողները սերիալի շրջանակում կտեսնեն նաեւ հայտնի դեմքերի, վաստակավոր արտիստների:
Մեր այն հարցին, թե արդյոք «Կայարանն» էլ կլինի հայ իրականության մեջ հայտնի երկար, անվերջ ձգձգվող սերիալներից, ռեժիսորը պատասխանեց, որ հեռուստանովելի առաջին սեզոնը կձգվի մինչեւ այս տարվա վերջ, իսկ հետագայի մասին դժվարացավ որեւէ հստակ բան ասել: Նա նաեւ հավելեց, որ սերիալի ստեղծագործական կազմն այժմ աշխատանքային բուռն շրջանում է եւ ակնկալում է, որ արդյունքը կգոհացնի հեռուստադիտողներին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՄԵՐԳ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը, մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ` «Անկախության սերունդ» համահայաստանյան նվագախմբի ու երգչախմբի մասնակցությամբ։ Շնորհալի երիտասարդների տաղանդի բացահայտմանը միտված նախագիծը մասշտաբային է։ Նվագախմբում եւ երգչախմբում ներգրավված են ավելի քան 700 պատանի եւ երիտասարդ` Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է նախագծի ղեկավար դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, երաժշտական այս կոլեկտիվի մոտ 80 տոկոսը մարզերից է: Երաժիշտների ընտրության գլխավոր չափանիշը եղել է վարպետության մակարդակը։ Ս. Սմբատյանի խոսքով՝ այս օրերին մասնագիտական պարապմունքներ են անցկացվում մասնակիցների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունը։ Նրանցից շատերն, ի դեպ, առաջին անգամ են հանդես գալիս նվագախմբի կազմում։
Նշենք, որ սեպտեմբերի 21¬ի տոնական երեկոյի ընթացքում հնչելու են բացառապես հայ երաժշտության նմուշներ։ Հանդես են գալու հանրահայտ երաժիշտներ՝ մեցցո¬սոպրանո Վարդուհի Աբրահամյանը, բարիտոն Գեւորգ Հակոբյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ ուրիշներ:
ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ
Կեսարիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի եւ կգործի որպես գրադարան: Այն իր դռները կբացի 2017-ի գարնանից եւ կաշխատի 24 ժամ: Այս մասին գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից մեկը` «Ակօս»-ը: Նշվում է, որ եկեղեցին պետության կողմից 40 տարի շարունակ օգտագործվել է որպես մարզադահլիճ: Թուրքիայի հայ բողոքականների համայնքը Կեսարիայի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքին դիմում է ներկայացրել` խնդրելով ընթացք տալ եկեղեցու վերակառուցման ծրագրին: Վերջինս էլ, բավարարելով բողոքական համայնքի դիմումը, ստորագրել է եկեղեցու վերակառուցման մասին հրամանագիրը:
ԱԶՆԱՎՈՒՐՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակի կապակցությամբ համերգ կտա իտալական Վերոնա քաղաքում: Italia-ru.com-ի փոխանցմամբ` համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, «Արենա» մարզադաշտում: Ազնավուրի խոսքով` Վերոնայում կայանալիք համերգը կլինի էպիկական եւ խիստ անձնական` նվիրված Իտալիայի եւ իտալացի հանդիսատեսի հանդեպ տածած իր մեծ սիրուն: