Ինչպես հայտնի է` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ուժերին առաջարկել է Վանաձորի ընտրություններում միասնական հանդես գալ:
Այս առաջարկին երեկ արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել և ներկայացրել այն երեք պահանջները, որոնք բավարարելու դեպքում ՔՊ-ն խոստանում է՝ Վանաձորում ինքնաբացարկ հայտարել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»:
Դրանք են`
1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3. Ազգային ժողով պետք է ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։
Ի պատասխան Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ եթե մինչև այսօր 18:00-ն ՔՊ հանի իր թեկնածությունը Վանաձորի ընտրություններից, նա կմիանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին:
Մենք փորձեցինք ՔՊ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզել, թե ինչպես են արձագանքում Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, սակայն նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, այլ նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի միայն 18:00-ից հետո:
Հավելենք, որ ավարտվում է հոկտեմբերի 2-ի ՏԻմ ընտրություններում ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: Սպասենք զարգացումներին: