Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է ձևավորել նոր կառավարության կազմը: Արդեն նշանակվել են 4 նախարարներ, երկու նախարար վերանշանակվել է: Առաջիկա օրերին արդեն ողջ կառավարության կազմը պարզ կլինի: Նշանակումները բոլորը կարվեն: Ըստ այդմ նոր փոփոխությունները շարունակվում են: Պետեկամուտների կոմիտեն նույնպես առանձնանալու է: Հարկային ծառայությունը կշարունակի ղեկավարել ՊԵԿ ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի Վարդան Հարությունյանը: Նա այժմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահն է:
Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է Արարատի մարզպետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նույնպես հեռանում է: Իսկ թե ով է նշանակվելու առայժմ ArmLur.am-ին չհաջողվեց պարզել:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը կմնա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի համար նորանշանակ վարչապետին խնդրել էր Հովիկ Աբրահամյանը: Եվ կարծես թե Կարեն Կարապետյանը կատարում է այդ խնդրանքը: Դավիթ Հարությունյանը արդեն իսկ վերանշանակվեց:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը նույնպես կշարունակի պաշտոնավարել:
Սփյուռքի նախարարությունը կշարունակի ղեկավարել Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից նույնպես չեն խլի իր պաշտոնը:
Արմեն Մուրադյանի ճակատագիրը դեռ հստակ պարզ չէ, 50/50 է: ArmLur.am-ը հայտնել էր, որ հնարավոր է նրան փոխարինի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարելը նույնպես հաստատված չէ: Նրա համար էլ Կարեն Կարապետյանին խնդրել է Ռիտա Սարգսյանը:
Նշենք, որ այսքանով փոփոխությունները չեն սահմանափակվելու: Առաջիկայում կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Հավելենք, որ երեկ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ փոփոխությունների գործընթացը շարունակական է, և մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք նոր կառավարություն: