Որքան ունեցվածք ունի Ալեքսան Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին` Սերժ Սարգսյանի հրամանով, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ դրանից առաջ էլ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

ArmLur.am-ն ուսումնասիրեց Հարությունյանի` դեռևս 2014 թվականի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, որը նա ներկայացրել էր դեսպան նշանակվելու ժամանակ:

Նա հայտարարագրել էր մեկ բնակարան և մեկ անհատական բնակելի տուն: Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 53 մլն դրամ և 50 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից և տրված փոխառություններից ստացված գումարից նա վաստակել էր 5 մլն 285 հազար դրամ:

Արդեն 2015 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ այժմ նա կրկին ունի 53 մլն դրամ, սակայն դոլարային ունեցվածքը նվազել և այժմ կազմում է արդեն 25 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 1 մլն 518 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին` 1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի  մայիսն ընկած ժամանակահատվածում, Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին ՝ ՀՀ Նախագահի խորհրդական։




Լրահոս