Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ամասիա գյուղի 53-ամյա բնակիչ Անդրանիկ Ղազարյանը կացնով հարձակվել էր կնոջ՝ 57-ամյա Ժանետա Միքայելյանի և 27-ամյա որդու՝ Գ. Ղազարյանի վրա սպանելու նպատակով:
Նշենք, որ Ա. Ղազարյանը կացնով զինված գնացել էր որդու՝ Գ. Ղազարյանի տուն, կացնով հարվածել դռանը, հայհոյանքներ տալով պահանջել, որպեսզի տան դուռը բացեն՝ անընդհատ հայտարարելով, որ տղային ու իր կնոջը սպանելու է։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Ամասիա համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի հետ: Վերջինս նշեց, Ղազարյանների ընտանիքը բազմանդամ է, ապրում են ծանր սոցիալական պայմաններում:
Գյուղապետի խոսքով՝ տուն -տեղ չունեն, ուր որ է տունը փուլ կգա:
Հավելենք, որ Անդրանիկ Ղազարյանն արցախյան պատերազմի մասնակից է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է թևից, երկրորդ աստիճանի հաշմանդամության կարգ ունի:
Ըստ գյուղապետի՝ որպես ազատամարտիկ հաշվառված է, որպեսզի բնակարան ստանա: Իսկ թե ինչու է Անդրանիկ Ղազարյանը գնացել նման քայլի կամ ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, Ամասիայի համայնքապետը դժվարացավ ասել: