Ինչպես տեղեկացրել ենք՝ Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում կհեռարձակվի երաժշտական հեռուստամրցույթ, որը մասնակիցներից լավագույնի համար ճանապարհ կհարթի դեպի «Եվրատեսիլ»: Այն հենց այդպես էլ կոչվում է` «Դեպի Եվրատեսիլ»: Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: Լսումները մեկնարկել են սեպտեմբերի 11-ից, իսկ նախագիծը եթերում կլինի հոկտեմբերից:
Նախագծի ժյուրիի անդամներից մեկը` Արամ MP3-ը, ավելի վաղ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ մասնակիցների թվում կան ինչպես հանրությանը անհայտ, այնպես էլ հայտնի երգիչներ: Պարզվում է` վերջիններիս թվում է նաեւ «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր հերոսուհի Մարտա Կիրակոսյանը: Մենք երգչուհուց հետաքրքրվեցինք` ինչպես ստացվեց, որ երկար ժամանակ էկրաններին չերեւալուց հետո հանկարծ որոշեց մասնակցել այս նախագծին. «Ասեմ, որ մրցույթին մասնակցում եմ ընկերներիս դրդմամբ: Երեւանյան լսումների փուլը ես որպես մրցույթ չեմ դիտարկում, փոխարենը փորձում եմ բեմում կենդանի կատարումներից հաճույք ստանալ, նորովի ներկայանալ եւ, իհարկե, բեմական նոր փորձ ձեռք բերել»,-մեկնաբանեց նա:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` ինչով է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը գրավում Մարտային, եւ, ըստ նրա, ինչ հնարավորություններ է այն ընձեռում երգչին. «Անկեղծ ասած` ես մրցույթներ չեմ սիրում եւ ինձ մրցութային երգչուհի չեմ համարում, բայց քանի որ «Եվրատեսիլ»-ի երեւանյան մրցույթն այս տարի հետաքրքիր, չկրկնվող ֆորմատով է անցկացվում, որոշեցի մասնակցել դրան: Իսկ, առհասարակ, եվրատեսիլյան թոհուբոհի մեջ ինձ գրավում են բարձր որակով արված շոուները»,-նշեց Մարտան:
Իսկ հարցին, թե արդյոք մասնակցությունը «Դեպի Եվրատեսիլ»-ին նշանակում է, որ երգչուհին, ինչպես տարիներ առաջ, կակտիվացնի իր գործունեությունը երգարվեստում, Մարտան պատասխանեց. «Չեմ կարող հստակ ասել` ինչ կլինի հետո, բայց միշտ էլ ինձ համարել եմ արվեստի մարդ` անկախ երգարվեստում ունեցածս տեւական լռությունից: Նշեմ նաեւ, որ արդեն մեկ տարի է` դասավանդում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում եւ եթե նույնիսկ տեսահոլովակներ չեմ թողարկում, միեւնույն է, զբաղվում եմ սիրելի աշխատանքով»:
Աննա Բաբաջանյան