Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց նորանշանակ 4 նախարարներին եւ շնորհավորելով՝ հայտարարեց, թե մեծ ակնկալիքներ ունի նրանցից. «Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք այդ ոլորտից լինելով հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը դարձնել, երկիր փոխել, լավ միջավայր փոխել»:
«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարներից փորձեց պարզել, թե որն է լինելու նրանց առաջին համարձակ քայլը, եւ, առհասարակ, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նրանք նշանակվեցին այդ պաշտոնում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում:
-Հարցը կրկնեք, խնդրում եմ, ճիշտն ասած՝ չհասկացա:
-Լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում:
-Շատ բարդ հարց տվեցիք, չափազանց բարդ, որ ես հայ եմ, կարծում եմ, կասկած չունեք, որ ներկայացնում եմ հայ ազգը եւ հայ ազգի շահերը, երեւի թե էլի կասկած չունեք :
-Հիմա ո՞ր ազգի համաձայնությունն էր:
-Ինչպես եք պատկերացնում ազգի համաձայնությունը:
-Օրինակ՝ որ հայ ժողովուրդն ասել է, որ Դուք պետք է լինեք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:
-Ինչպե՞ս չափենք ազգի համաձայնությունը:
-Դուք կիմանաք, Ձեզ են նշանակել:
-Կենսագրականս հրապարակված է, կհրապարակենք նաեւ էներգետիկայի նախարարության կայքէջում:
-Իսկ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք:
-Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանած կարգով. ովքե՞ր են նշանակում նախարարներին:
-Նախագահն է նշանակում, բայց կարող է՝ նախագահը ցանկացել է, որ Լեւոն Յոլյանը մնա, սակայն անհամաձայնություն է եղել:
-Ես այսպես եմ հասկանում հարցը. ով է ինձ առաջարկել ստանձնել այս պաշտոնը, ես ասում եմ, որ վարչապետը, սա է միանշանակ պատասխանը:
-Կառավարության նիստում ՀՀ վարչապետն ասաց, որ ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր: Կոնկրետ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու:
-Ուզում եմ ձեւակերպեմ միտքս, որ որեւէ սխալ բան չասեմ, չեմ ուզում որեւէ մերկապարանոց հայտարարություն անել, բայց առաջին քայլով կամա թե ակամա նույնիսկ ժամանակային առումով պետք է զբաղվեմ ատոմակայանի արդիականացման խնդրով:
-ՀՀ նորանշանակ վարչապետը հրահանգել է նախարարներին հետնամուտքով չփախչել, դուրս գալ հիմնական մուտքով եւ շփվել ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների հետ: Վարչապետի հրահանգի՞ն եք հետեւել, որ հիմնական մուտքով դուրս եկաք, թե՞ պարզապես սա առաջին նիստն էր, որոշեցիք կանոններին ենթարկվել:
-Եթե հիշում եք՝ կառավարությունում ես էլի եմ աշխատել, բոլոր հետնամուտքերը ինձ շատ լավ ծանոթ են, եթե ցանկություն ունենայի այլ հետնամուտքը, որը ես գիտեմ, Դուք չգիտեք, այդ հետնամուտքով կգնայի:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան
-Պարո՛ն Արամյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:
-Այդ հարցը արդեն դուրս է կոնտեքստից, մենք պայմանավորվեցինք ձեւաչափ, խաղի կանոններ, խոսելու ենք բացառապես մասնագիտական դաշտից: Ես առաջարկ եմ ստացել նախագահից եւ վարչապետի կողմից եւ այդ առաջարկին զուգահեռ ստացել եմ նաեւ խիստ նշաձող, այ, Դուք ինձ հարցրեք դրանից, թե չէ…:
-ՀՀ նորանշանակ վարչապետը հրահանգել է նախարարներին՝ հետնամուտքով չփախչել, դուրս գալ հիմնական մուտքով եւ շփվել ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների հետ: Վարչապետի հրահանգի՞ն եք հետեւել, որ հիմնական մուտքով դուրս եկաք, թե՞ պարզապես սա առաջին նիստն էր, փորձեցիք չհակառակվել:
-Կարծում եմ՝ շատ ճիշտ է, վարչապետի ասածները պարտադիր բնույթ ունեն բոլոր նախարարների համար, իսկ ինչ վերաբերում է հետնամուտքի հետ կապված… իր տեսակետը շատ ճիշտ է:
-ՀՀ վարչապետը ասաց, որ ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր: Կոնկրետ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու:
-Բյուջեն իրատեսական ներկայացնել Ազգային ժողով:
-Պարո՛ն Արամյան, բայց Հայաստանում ֆինանս կա՞, որ ֆինանսների նախարարություն լինի:
-Ես չեմ կիսում այդ տեսակետը, նույնիսկ հազար դրամն էլ է ֆինանս, եւ Ձեզ իրականում ասեմ, որ մարդիկ, երբ խոսում են ֆինանսների մասին, ֆինանսները միայն եկամուտ չէ:
-Ուսումնասիրելով Ձեր եւ Ձեր կնոջ հայտարարագիրը՝ նկատում ենք, որ Ձեր կինը Ձեզանից հարուստ է: Օրինակ՝ Ձեր եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 912 հազար դրամ, իսկ Ձեր կինը՝ Իզաբելլա Հովհաննիսյանը, հայտարարագրել է երկու աշխատավարձ` 544 հազար դրամ եւ 16 հազար 632 եվրո:
-Իմ կինը աշխատում է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկում որպես փորձագետ, ընդ որում, բարձր մասնագետ է:
-Այսինքն՝ Ձեզ չի անհանգստացնո՞ւմ, որ նա Ձեզանից հարուստ է:
-Ո՛չ, ընդ որում, ասեմ՝ ես միշտ թափանցիկ եմ եղել եւ լինելու եմ իմ բոլոր եկամուտների եւ ծախսերի մասով: Դուք անհոգ եղեք, ցանկացած հարց կարող եք տալ, ես չեմ խուսափելու որեւէ հարցի պատասխանելուց, բայց պայմանավորվենք հետեւյալում. Դուք հիմա խոսում եք այնպիսի հարցերի մասին, որը գտնում եմ՝ հանրությանը քիչ է հետաքրքրում: Գտնում եմ, որ մենք հանրությանը պետք է սովորեցնենք՝ ինչն է իրենց համար ավելի կարեւոր: Իրենց համար շատ ավելի կարեւոր պետք է լինեի՝ ոչ թե ֆինանսների նախարարի կինը ինչ մասնագետ է, որտեղից իրեն այդքան գումար, այլ ավելի շատ մենք պետք է մեր հանրությանը սովորեցնենք իրենց հուզող հարցերը, ինչ է լինելու երկրի ապագան, ինչու այս ծախսերը կրճատվեցին:
-Իսկ 7 ամսվա ընթացքում կկարողանա՞ք ֆինանսների նախարարության գործառույթների մասով առաջխաղացում ապահովել:
-Դժվարանում եմ ասել, դա հանրությունը կգնահատի:
-Իսկ եթե լավ ցուցանիշ չապահովեք, հրաժարական կտա՞ք:
-Ի՞նչ եք ակնկալում ինձանից, որ ասեմ` այո թե՞ ոչ: Իրավիճակը ցույց կտա, քանի որ այդ իրավիճակի լավ չլինելը հարաբերական է: Ձեր հարցը ճիշտ չէ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում:
-Բարդ մեկնաբանություն եք անում… բնական է՝ ես հայ եմ ու հայաստանցի, ինչի մասին է խոսքը, որ ազգը ինչ կապ ունի:
-Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր: Կոնկրետ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու:
-Համարձակ քայլը կլինի, կտեսնեք:
-Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում հետնամուտքով փախչեք:
-Չի լինի նման բան:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
-Պարո՛ն Առաքելյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք գյուղատնտեսության նախարար:
-Որ ազգի՞, գնացի, հետո առանձին կխոսենք:
-Կկարողանա՞ք 7 ամսվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովել:
-Դա է լինելու իմ նպատակը:
-Իսկ եթե չկարողանաք նպատակը իրականացնել, հրաժարական կտա՞ք:
-Շատ բարդ հարց եք տալիս, ես չեմ ինձ հաստատել, ես չեմ ինձ բերել, ինձ առաջարկել են եւ հաստատել են, եթե պետք լինի…:
-Իսկ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու գյուղատնտեսության ոլորտում:
-Կտեսնեք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԵՏԳՈՒՅՔԸ՝ԹԻՐԱԽՈՒՄ
ՀՀ կառավարության երեկվա նիստին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված ավիափոխադրման ծառայություններին վերաբերող նախագիծը ընդունելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերե՛ք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»: Վարչապետի այս խոսքերից հետո սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, եւ նա հայտնվել է նորանշանակ վարչապետի թիրախում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, զայրացած ասաց. «Նման հարցադրումներով ինձ մի՛ զանգահարեք: Վստահեցնում եմ, որ վարչապետը մեր գերատեսչությանը նկատի չի ունեցել: Նրա հայտարարությունը վերաբերում է ավիատոմսերի գնման գործընթացին, իսկ ես այս 5 տարվա մեջ գործուղման չեմ գնացել»:
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԽԱՂԵՐ
Հոկտեմբերի 2-ին թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Կապան քաղաքում: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն դաշնակցական Արթուր Աթայանը, գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը եւ ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը: Հիմնական մրցակցությունը գնում է ՀՀԿ-ական եւ դաշնակցական թեկնածուների միջեւ: Ու այս իրավիճակը ՀՀԿ-ական թեկնածուի համար բավականին շահեկան է: Ինչպե՞ս, բացատրենք: Բանն այն է, որ ՀՅԴ թեկնածուն այնքան էլ անբիծ անցյալ չունի: «Ժողովուրդ» օրաթերթը առիթ ունեցել է հրապարակելու, որ դաշնակցական Աթայանը 5 տարի առաջ՝ 2012-ին, դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով, եւ դատարանի կայացրած վճռով 2 տարով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Արթուր Աթայանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ ավելին՝ 1 մլն ՀՀ դրամի չափ տուգանք վճարելով ՀՀ պետբյուջե՝ կարողացել է խուսափել պատժից: Եւ այս օրերին Կապանում լուրեր են պտտվում, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն է վարկաբեկված թեկնածու առաջադրել Կապանում, որպեսզի ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանի հաղթանակն ավելի հեշտ ու համոզիչ լինի:
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՏՈՍԵՍԻԱ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը, պարզվում է, սիրում է լուսանկարվել: Երեկ կառավարության նիստի ավարտից հետո, երբ նախարարը դուրս էր գալիս կառավարության շենքից, լրագրողները սկսեցին նկարել նրան: Նախարարը կանգնեց եւ ասաց, թե նկարեք, հենց վերջացնեք, կասեք, գնամ: Լրագրողները նախարարից խլեցին մոտ 3 րոպե` նրա ֆոտոսեսիան կազմակերպելու համար, որից հետո նա դեմքի ակնհայտ գոհ արտահայտությամբ լքեց կառավարության շենքը: