Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախարարներին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ: Իսկ ահա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ մշակույթի նորանշանակ նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը:
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է ունենան հստակ ու չկրկնվող գործառույթներ: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել դա: Նույնը վերաբերում է նաեւ ԾԻԳ-երին», – հանձնարարեց վարչապետը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործարական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Եղիշե Խերանյանի հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյան
-Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարեց վերանայել ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե դրանք որքանով են արդյունավետ աշխատում…
-Մենք այդ մասով դեռ ոչ մի նորություն չունենք:
-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը արդյո՞ք արդյունավետ է աշխատում:
-1926 թվականին հիմնված մայր գիտական կենտրոնն է՝ Հայաստանի առաջնեկը: Կենտրոնը հիմա զբաղվում է հացահատիկային եւ ընդեղենի մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմամբ: Մենք նաեւ կատարում ենք սելեկցիոն աշխատանքներ: Իսկ թե այդ աշխատանքները որքանով են կարեւոր ՀՀ-ի համար, թող գնահատականներ տան համապատասխան գերատեսչություններն ու մասնագետները:
-Վերջին 5 տարիների ընթացքում մշակաբույսերի քանի՞ նոր սորտ եք ստեղծել:
-Մեզ մոտ ստեղծվել են գարու, ցորենի սիսեռի ոլոռի, սոյայի, գետնանուշի 15 նոր սորտեր: Բացի այս, ստեղծվել են եւս 8-ը, այս տարի արդեն 9-րդը, որոնք հանձնվել են պետական սորտափորձարկման:
-Դուք հասցրե՞լ եք նորանշանակ նախարարի հետ հանդիպել, ծանոթանալ:
-Միայն հեռախոսազրույց ենք ունեցել: Դեռ առիթ չի եղել, որ հանդիպենք:
-Իսկ ի՞նչ թեմայի շուրջ եք հեռախոսով զրուցել:
-Կոպիտ ասած՝ առաջին անգամ հեռախոսով ենք խոսել, ծանոթացել: Բայց զանգը աշխատանքային է եղել:
-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը քանի՞ աշխատող ունի:
-ՊՈԱԿ-ը ունի 25 հաստիքային աշխատող: Իսկ նախկինում ունեցել ենք գիտությունների 89 թեկնածու, գիտությունների 8-ը դոկտոր եւ 3 ակադեմիկոս: Հիմա ավելի քիչ ենք:
-Եթե վարչապետի հանձնարարականի արդյունքում պահանջվի աշխատող կրճատել, ինչպե՞ս կարձագանքեք:
-Ես կարծում եմ, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ կդառնա, որ կարիք կա գիտնականների քանակն ավելացնելու, ժամանակին անհիմն փակված համապատասխան բաժինները եւ լաբորատորիաները բացելու:
-Այնուամենայնիվ, եթե վարչապետը որոշի ՊՈԱԿ-ը փակել, լուծարել…
-Ես պետական աշխատող եմ, ինչպես կորոշի վերադասը, այնպես էլ կլինի: Ես կարծում եմ, որ գյուղատնտեսության գիտության բնագավառի զարգացման գործում «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը տասնամյակներ շարունակ իր ուրույն տեղն է ունեցել:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Եղիշե Խերանյան
-Պարո՛ն Խերանյան, վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը…
-Մենք դեռ այդ հանձնարարականը պետք է պաշտոնապես ստանանք:
-Ձեր ղեկավարած ԾԻԳ-ը արդյունավե՞տ է աշխատում:
-Կան ՊՈԱԿ-ներ եւ ԾԻԳ-եր, որոնք լավ են աշխատում, եւ կան, որոնք ինչ-որ տեղ թերանում են: ՄԵնք ունենք 16 աշխատող: Եթե այսօր պետությունը նպատակ ունի գնալ որոշակի բարեփոխումների նման ճանապարհով, ես ողջունում եմ անկախ փաստից, թե այն անձնապես ինձ վրա ինչպես կանդրադառնա:
-Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին հասցրե՞լ եք հանդիպել, շնորհավորել:
-Եւ շնորհավորել եմ եւ հանդիպել եմ: Ավելին՝ որոշակի ծրագրեր ենք հասցրել նույնիսկ քննարկել: Ի դեպ, ինքը բավականին մեծ էներգիայով է եկել, ծրագրերով: Տա՛ Աստված, որ հաջողի իրականացնել գոնե դրանց մեծ մասը:
Հ.Գ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ իրենց մոտ վարչապետի հանձնարարականի հետ կապված քննարկումներ են ընթանում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ