Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի Զովունի համայնքում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը 18 ձայնով պարտվել էր անկուսակցական Վրույր Սիմոնյանին, և նրա թիմակիցները պահանջել էին վերահաշվարկ կատարել:
ArmLur.am-ի թղթակիցը Զովունիից հայտնեց, որ մի քանի ժամ տևած վերահաշվարկի արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացրել`գյուղը տարիներ շարունակ ղեկավարած Ավետիսյանի հարազատներին, վերահաշվարկի արդյունքում Ավետիսյանը կորցրել է մեկ ձայն, որի արդյունքում անվավեր քվեաթերթիկներն ավելացել են:
Գյուղացիներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ այս վերահաշվարկի նպատակն այն էր, որ Ավետիսյանը, սովորույթի համաձայն, կրկին դիմի դատարան և այնտեղ ունեցած կապերի շնորհիվ կրկին վերանշանակվի:
Նշենք, որ Զովունիի 18 տարվա ղեկավարի եղբայրը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանն է, թե որքանով նա կմիջամտի գործին կերևա առաջիկայում:
Նորընտիր գյուղապետ Վրույր Սիմոնյանն ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենք տեր կկանգնեն յուրաքանչյուր ընտրողի քվեի. «Գյուղացիներից շատերը, երբ տեղեկացան, որ բողոքել և վերահաշվարկ են ցանկանում անցկացնել, ցանկանում էին բողոքի ակցիա կազմակերպել և մինչև անգամ գնալ Կառավարություն բողոքի, սակայն ես նրանց համոզել եմ նման քայլի չդիմել»:
Լիլիթ Շաբոյան