Ուսուցչի դերակատարման կարևորությունն ուղիղ համեմատական է հասարակության որակին. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:

Հանրապետության բոլոր մանկավարժներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` նախարար Լ. Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. ««Ուսուցչի օրը» մեր երկրի անկախ պատմության ամենալավ տոներից է, որն իր մեջ ունի մեծ խորհուրդ: Տոնի նպատակը ուսուցչի դերակատարության ընդգծումն է մեր երկրում: Այն մեր հանրապետության, մեր ապագայի ամենակարևոր մասնագիտություններից մեկն է: Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, ապա չի կարող իր անկախ գոյությունը շարունակել: Աշխարհում այսօր մրցակցությունը մեծանում է, ուստի ունենք նոր մարտահրավերներ՝ մեր կրթական համակարգը պահել այն մակարդակի վրա, որը ձևավորվել է հազարամյա քաղաքակրթության հետևանքով: Ցավոք, մեր հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման կարիք ունենք: Մենք իսկապես չունենք այլընտրանք, և մեր զարգացման միակ բանալին մեր ինտելեկտի, կադրային ռեսուրսի որակի բարձրացումն է, և այն շնորհակալ գործը, որ կատարում են ուսուցիչները, գնահատելի է:

Մենք անցել ենք մեր երկրի ամենածանր շրջանը, երբ, օրինակ, 1998-99 թթ.-ին ուսուցչի դրույքը 30 դոլարին համարժեք էր, և անգամ այդ տարիներին ուսուցիչները կատարում էին իրենց պարտականությունը՝ ապացուցելով, որ իրենց մասնագիտությունը միայն նյութական հենքի վրա չէ կառուցված: Ուսուցիչը պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը. նա այն եզակի մասնագիտության կրողներից է, որ յուրաքանչյուր տասնամյակ կարողանում է շոշափելի ձևով գնահատել արդյունքը, երբ յուրաքանչյուր կրթական աստիճանի վրա տեսնում է այդ արդյունքի զարգացումը: Սա շատ կարևոր հատկություն է, և ինչքան հանրապետության բոլոր մարզերում ուսուցչի դերակատարումը մեծ կլինի, այնքան կբարձրանա նաև հասարակության որակը: Գիտելիքն այսօր այնքան բազմատեսակ է և ներկայիս ինֆորմացիոն դարաշրջանում ունի ներթափանցման այնքան շատ ճանապարհներ, որ փոխվում է նաև դպրոցի առաքելությունը: Ուստի, հիմնական ձևաչափը երեխաներին դաստիարակելն է, հսկայական տեղեկատվության մեջ սովորեցնելը` տարանջատել առաջնայինը երկրորդականից, սկզբունքներին հավատարիմ մնալը, գիտելիքը ծառայեցնելը՝ ի նպաստ երկրի զարգացմանը: Այո, դպրոցի դերակատարումն այս դարում հիմնականում դա է՝ ուղեցույցի դեր կատարել: Բացի այդ, երեխաների մեջ պետք է կրթել մեր երկրի ապագայի երազի նկատմամբ ամուր հավատ: Ցանկանում եմ, որ մեր հասարակության մեջ յուրաքանչյուրը համոզում ունենա, որ ուսուցիչը կարևորագույն մասնագիտություն է»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտակա տարիներին մեր դպրոցները կգտնվեն ավելի լավ վիճակում, կհամալրվեն գույքային և նյութատեխնիկական սարւքավորումներով:
Լևոն Մկրտչյանը մրցանակներ է հանձնել տարվա լավագույններին` «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը, «Լավագույն դաստիարակ»` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հարությունյանը, լավագույն տնօրեն՝ Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:
Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով:
Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և «Ուսուցչի օրվա» առթիվ մի խումբ մանկավարժների պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:




Լրահոս