ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ օտարերկրացիներին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելու համար:
Լիաննա Դանիելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ եւ ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն: Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջն. դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում՝ ՀՀ միջն. դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն: Բարձրագույն ուսհաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջն. դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների բակալավրի աստիճան ունեցող անձինք:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց եւ ռուսաց լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն եւ ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ, ինչպես նաեւ ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը: