Եթե ասեն՝ եկեք, հանդիպենք, կհանդիպենք. Էդմոն Մարուքյանը` ՀՎԿ-ի և ԲՀԿ-ի հետ հանդիպումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո պարզվեց, որ ընդդիմադիր ուժերն ունեն բացառիկ հնարավորություն Վանաձորում կոալացիա կազմելով` հաղթել իշխանության թեկնածուին: Ընտրություններից հետո հենց այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը` ՀՎԿ-ին եւ ԲՀԿ-ին առաջարկելով սատարել իրենց կուսակցությանը: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն էլ իրենց հերթին հանդես եկան հայտարարություններով: Սակայն, ի վերջո, թե ինչպիսի եզրահանգման են եկել այդ քաղաքական ուժերը, անհասկանալի է, որովհետեւ որեւէ հստակ ու վերջնական պայմանավորվածություն կարծես թե ձեռք չի բերվել: «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ո՞ր փուլում են գտնվում ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ բանակցությունները:

-Ոչ մի նորություն դեռ չկա, համբերեք, նոր բան լինի, նոր կխոսենք: Իրենք ինչ հայտարարել են, դա է, իմ հայտարարությունն էլ նույնն է: Ոչ մի ավել բան դեռ չի եղել:

-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ձեզ է զանգահարել Վանաձորում ՀՎԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը եւ պնդել, որ իրենց միանաք, որպեսզի ինքը դառնա քաղաքապետ: Ինչպե՞ս է ավարտվել այդ զրույցը:

-Նման բան չի եղել, ո՞վ է Ձեզ ասել, որ զանգել է: Մենք չենք խոսել:

-Այս պարագայում ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը: Ի՞նչ եք նախատեսում անել:

-Հաջորդ քայլ չկա: Առաջին նիստի օրը Քրիստ Մարուքյանը կառաջադրվի, ինչպես ես հայտարարության ժամանակ ասել եմ, հույս ունենք, որ կքվեարկեն, ու կընտրվի:

-Իսկ մինչ այդ, նոր հանդիպումներ ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ կլիե՞ն:

-Եթե ասեն՝ եկեք, հանդիպենք, կհանդիպենք:

-Այսինքն՝ Ձեր կողմից նախաձեռնություն չի՞ լինելու կրկին հանդիպելու:

-Մի հատ տեսնենք՝ մանդատները իրենք ում են տալիս, դեռ մանդատները բաշխված չեն, թող մանդատները բաշխեն, տեսնենք` ում են տալիս, ինչ են անում, նոր կհասկանանք, հիմա դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա: Միգուցե մի անգամ էլ հանդիպենք, չգիտեմ: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Իսկ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում ոչ մի նոր համաձայնություն չի՞ եղել:

-Ո՛չ, հայտարարության նույն տեսքտն է քննարկվել, ես էլ ասել եմ այն, ինչ որ մամուլով հայտարարել եմ:

Հ.Գ. ՀՀ ԸՕ 78-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ԿԸՀ-ն քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ԸԸՀ-ի որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Իսկ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածը սահմանում է, որ Վանաձորի նորընտիր ավագանիների առաջին նիստը կգումարվի ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի:

Վահագն Հակոբյան




Լրահոս