Այս գիշեր ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:
Հակառակորդի նման կտրուկ գործողությունների արդյունքում էլ ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա զինծառայող:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` հասկանալու նման գործողություններով Ադրբեջանն ի՞նչ է փորձում հասկացնել և արդյո՞ք պատերազմի վտանգ կա:
Վերջինս նշեց, որ իրավիճակը գնահատելիս պետք է համեմատական կարգով անցկացնենք, ոչ թե բացարձակ:
«Եթե մենք իրավիճակը համեմատենք վերջին 3-4 տարիների հետ` կտեսնեք, որ նախապատերազմյան, այս քառօրյա պատերազմից առաջ շատ ավելի քիչ է քանակական և որակական առումով հաղթելը: Բայց, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ հակառակորդը փոխվել է:Հակառակը նա մնացել է նույն ֆաշիստականը և նույն հանցագործը»,-ասաց Բաբայանը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կան որոշակի հանգամանքներ, որոնք խթանում են, որպեսզի Ադրբեջանը լինի ավելի ագրեսիվ և ապակառուցողական:
«Կան մի շարք խթանիչ հանգամանքներ. Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքին խնդիրները, ինչպես նա ալիևյան կլանի կողմից իշխանության, խանական կառավարման համակարգի հաստատումը, այսպես կոչված, հանրաքվեի միջոցով: Կարծես թե, Ադրբեջանը մտնում է ճգնաժամային շրջափուլ, քանի որ պետությունը միայն նավթից է կախված: Եւ այս կառավարման համակարգից դժգոհություններ են ի հայտ գալիս ազգային փոքրամասնություների կողմից»,-ընդգծեց նա:
Բաբայանի խոսքով՝ Երևանում տեղի ունեցած վերջին շքերթից հետո Ադրբեջանի համար էլ ավելի անհասանելի է դառնում Ղարաբաղը, և այս ձևով նրանք փորձում են հոգեբանական լարվածություն մտցնել մեր զինվորների մեջ, բայց դա անհնար է:
Անդրադառնալով այսօր հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին Բաբայանը նշեց, որ ամենի ինչ արվում է նրա շուտափույթ ապաքինման համար:
Լիդա Եղիազարյան