ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասօր ընդունել է “Աուտիզմ ազգային հիմնադրամի” տնօրենին, խորհրդի անդամներին և “Աուտիզմի հաղթահարումը” ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Խորհրդի նախագահը ներկայացրել է “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա, գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ հաստիքի: Հիմնադրամում աշատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաև ՀՀ այլ մարզերից և Արցախից եկած երեխաներին:
Նշենք, որ 2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է “Աուտիզմ ազգային հիմնադրամը”, որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաև նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում պետական ֆինանսավորումը թույլ է տվել 2014 թվականին հիմնել “Իմ ուղին” ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով և համապատասխան միջավայրում մատուցում են նորագույն արդյունավետ թերապևտիկ շտկողական ծառայություններ: