Մինչ «խաղին անցնելը» նախագահը սահմանեց գլխավոր կանոնը` «նեղանալ, նեղսրտել չկա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստը սովորականի պես չսկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կառավարություն այցելեց Սերժ Սարգսյանը եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպեց վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության նորանշանակ անդամներին` պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ եւ մաղթեց արգասաբեր աշխատանք:

Մինչ «խաղին անցնելը» նախագահը սահմանեց գլխավոր կանոնը` «նեղանալ, նեղսրտել չկա»: Հարկ համարեց հիշեցնել այս կարգը, որովհետեւ նախորդ կառավարության անդամներն իսկապես նեղացել եւ նեղսրտվել էին իրենց չվերանշանակման պատճառով: Մամուլում անգամ նեղացածների անունները շրջանառվեցին` Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Սեյրան Օհանյան, իսկ օրվա «գլխավոր նեղացողի» կարգավիճակում էր Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նախագահն իր ելույթում փաստեց, որ հավատում է այս կառավարության ուժերին, հավատում է, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Եվ ինքնագոհ այս հայտարարությունից հետո մեկ հարց է առաջանում. ինչո՞ւ նախորդ կառավարությունները որեւէ պատասխանատվություն չեն կրել իրենց ձախողած աշխատանքների համար, ոչ միայն չեն կրել, այլեւ նախորդի անդամները վերանշանակվում են այս կառավարությունում: Սարգսյանը ոգեւորեց ու «թեւեր տվեց» նորանշանակներին` ասելով. «Դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ»: Սակայն թե քանի այսպիսի խոստումներ են մնացել օդում, անգամ կարիք չկա թվել, չենք էլ կարող, անհաշվելի են դրանք:

Իհարկե, մեզ համար ո՛չ զարմանալի, ո՛չ էլ անակնկալ են Ս. Սարգսյանի նման խոստումներն ու վերամբարձ ձեւակերպումներով առատ ելույթները: Զարմանալին այլ բան է. իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը հարցրեց` արդյո՞ք կառավարության անդամները չունեն իրեն ուղղված հարցեր: Քար լռություն: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողբերգական է, երբ մի ամբողջ ազգի կառավարություն ոչ մի հարց չունի ուղղված իր նախագահին: Իրողությունը կարծես զարմանք հարուցեց նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, նա երկրորդ անգամ հարցրեց` հարցեր չունե՞ք: Սայլը տեղից չշարժվեց: Ու սա ոչ թե հարցեր չունենալու պատճառով էր, այլ պարզապես համարձակության բացակայության: Ինչեւէ, Սերժ Սարգսյանը հեռացավ կառավարությունից՝ այս անգամ եւս «արհամարհական» վերաբերմունք ցուցաբերելով լրագրողների նկատմամբ: Հավանաբար պատճառն այն էր, որ ի տարբերություն բերանները ջուր առած նախարարների՝ լրագրողները բազմաթիվ ոչ ցանկալի հարցեր կունենային, ինչից էլ հերթական անգամ նա փորձ արեց խուսաձել:

Ս. Սարգսյանի այցից հետո կառավարությունը անցավ իր օրակարգին, եւ նիստը շարունակվեց սովորական հունով: Փոփոխվել էր միայն Վիգեն Սարգսյանի կարգավիճակը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարը մեկ աթոռով իր տեղը զիջել էր իրեն փոխարինողին` Ս. Սարգսյանի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանին: Հատկանշական է, որ կառավարության մաս կազմող գերատեսչությունների ղեկավարները նորանշանակ վարչապետի գլխավորած նիստերին մեկ մարդու պես ներկա են լինում` հնարավորություն չտալով բացակայության առիթը օգտագործել եւ հեռացնել իրենց «համակարգից»:

Նկատենք` ինչ Կարեն Կարապետյանը նշանակվել է վարչապետ, կառավարության նիստերին ակտիվ մասնակցում է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստի ընթացքում սովորականի պես հնչեցին հանձնարարականներ, որոնք Կարեն Կարապետյանի նախընտրած լակոնիկ բնորոշմամբ էին: Սակայն սովորականի պես չհնչեց Կարապետյանի ավարտի խոսքը: Եթե մշտապես նիստի վերջում Կարեն Կարապետյանը բոլորին մաղթում էր բարի օր եւ լավ տրամադրություն, այս անգամ հավելեց նաեւ, որ ՀՀ նախագահն իր խոսքում հստակ նշել է կառավարությունից իր սպասելիքներն ու ակնկալիքները: «Բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենը իրականացնել»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը կարծես ականջալուր էր եղել նախօրեին ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հորդորին` ժպտալ, քանի որ դա սազում է վարչապետին:

Մինչ կառավարության շենքի ներսում հնչում էին հանձնարարականներ, բոլոր մուտքերի առջեւ կրկին հոծ բազմություն էր հավաքվել: Դժգոհ քաղաքացիների թվում էին «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները, Ֆիրդուսի, Կոնդի բնակիչները, զինծառայողների ծնողները, մի խոսքով, իրավազրկված քաղաքացիների այն ողջ «պալիտրան», որին գրեթե ամեն հինգշաբթի տեսնում ենք կառավարության շենքի առջեւ: Իսկ կառավարության այն հետնամուտքի մոտ հավաքված բնակիչները, որտեղով միշտ ելումուտ են անում ուժային կառույցների ղեկավարները, «Ժողովուրդ»-ին ոգեւորված տեղեկացրին, որ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը հեռանալիս կանգնեցրել է իր մեքենան եւ լսել նրանց պահանջները: Կառավարության նիստից մոտ մեկ ժամ անց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ նախարարների կողմից տարօրինակ ելումուտ է լինում կառավարության շենք: Թե ինչու՞ են կառավարության անդամները կրկին հավաքվում կառավարությունում, փորձեցինք պարզել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, նշեց. «Հանդիպում է տեղի ունենալու»: Այլ մանրամասներ Մանուկյանը չհաղորդեց: Նշված հանդիպման մասին չկարողացան տեղեկություն հաղորդել նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վահագն Հակոբյան




Լրահոս