“Armenia Expo 2016”. Թեհրանի ցուցահանդեսում արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած “Armenia Expo 2016” հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով։

Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ երկրի տնտեսության համար հեռանկարային այս շուկայում հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում։

Թեհրանում տեղի ունեցած “Armenia Expo 2016”-ին՝ նախատեսված 80-ի փոխարեն մասնակցել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություններ։ Նրանցից առնվազն կեսը իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել։ «Հայկական ընկերությունները ցուցահանդեսում շատ հաջող արդյունքներ արձանագրեցին։ Արտահանման շուրջ երկու երկրների տարբեր կազմակերպությունների միջև բանակցություններ են ընթանում օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի արտահանման ուղղությամբ։ Արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի ֆիրմային խանութ կբացվի։ Բանկային ոլորտի ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ»,- խոսելով ցուցահանդեսի արդյունքների մասին, նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս