Ինչպես հայտնել ենք` այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանում ցուցադրված իսկանդերներին:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Սամվել Ֆարմանյանի համացանցի էջերից:
«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկեց ԵԺԿ քաղաքական խմբի նիստով։ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն անգամ այստեղ ի ցույց դրեց իր երկրում տիրող տրամադրությունը՝ հարց բարձրացնելով Հայաստանի Իսկանդերների մասին և հրավիրելով ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությանը։ Ինձ մնում է ավելացնել՝ Wow»,-նշել է Կարապետյանը:
Իսկ Ֆարմանյանը գրել է. «ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»: