Ադրբեջանին պարտադրում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Նման սենսացիոն հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով՝ փակ դռների հետեւում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- հայտարարել էր նա:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ` հասկանալու նման հայտարարությունն ինչո՞վ էր պայմանավորված:
Վերջինս նշեց, որ այն, իհարկե, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը նախաձեռնել է մի գործընթաց, որով պետք է, իր կարծիքով, խնդիրը հօգուտ իրեն լուծեր: Եվ այդ գործընթացի սկիզբը ապրիլն էր:
«Բոլորովին վերջերս Ջոն Քերրիի հայտարարությունն այն մասին, որ խնդիրը հեռու է լուծումից` խիստ դրական ազդակ էր` հօգուտ հայկական կողմի: Թե ինչ են նշանակում Ալիևի վերջին խոսքերը` դժվար է կռահելը, քանի որ պետք է նախ հասկանալ, թե ով է այդ ճնշում բանեցնողը: Ամեն դեպքում հրաշալի է և հայկական կողմին խիստ ձեռնտու, որ նա միանշանակ մերժում է Արցախը ճանաչելու գործընթացը հենց այս փուլում»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ եթե ներկա բանակցային փաթեթով նա համաձայներ ճանաչել Արցախը` ապա դա կնշանակեր, որ Երևանն էլ պարտավոր է արդեն վստահաբար դրա դիմաց հանձնել հայկական այն պատմական հողերը, որոնք ազատագրված «տարածքներ» են հորջորջում:
«Մյուս կողմից` Արցախի ճանաչումը հայկական կողմին ոչինչ չտվող մի անհեթեթ և անարժեք ձեռնարկ է, որ, ինչպես տեդնում ենք, եթե Ադրբեջանը համաձայներ դրան` ապա Հայաստանի և հայ ժողովրդի համար բացասական առումով ճակատագրական էր լինելու: Եվ մեծ բախտավորություն է, որ Ալիևն այդքան արմատական, անզիջում և անկեղծ է կոնկրետ այս հարցում: Նա հայտարարում է, որ ամբողջն է ուզում և ուզում է միանգամից:»,- նշեց Մարտիրոսյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ «Եթե Ադրբեջանը խաբեության դիմեր և նախ ճանաչեր Արցախը` դրա դիմաց ստանալով այն հողերը, որ հայկական կողմը քսանհինգ տարի շարունակ սիրահոժար պատրաստ է հանձնել թշնամուն, և ապա` շատ ավելի ուժեղ նոր ռազմավարական աշխարհագրական դիրքերից արդեն հարձակվեր Արցախի վրա և անգամ փորձեր գրավելով Զանգեզուրը` միանալ Նախիջևանին: Վերջին հաշվով իրենց նպատակը դա է, բայց իրենք անչափ ազնիվ են` իրենց նպատակները բաց հայտարարելիս և բարեբախտաբար այս հարցում անչափ անհեռատես, որ այս փուլում հրաժարվում են օգտվել հայկական կողմի ամենաթույլ և ամենաանհեռատես կետից և խաբեությամբ տիրանալ հայկական հողերին»:
Քաղաքագետի հավելմամբ` մեր բախտն ուղղակի բերում է և այդ հանգամանքը մենք դեռ հետո ենք գիտակցելու:
Լիդա Եղիազարյան