Ինչպես հայտնել ենք` Վանաձորում քաղաքապետի քվեարկությունը դադարեցվել էր: Պատճառն այն էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միհրան Քոչարյանը քվեարկությունից հետո քվեաթերթիկը բաց դուրս եկավ, որն էլ հարուցել էր ՀՀԿ-ի կողմնակիցների զայրույթը: Դրանից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք ևս բաց են քվեարկելու:
Էդմոն Մարուքյանը` որպես իրավաբան, դա խախտում չհամարեց, սակայն իրականում դա համարվում է Ընտրական օրենսգրքի խախատում:
«Անձի կատարած գործողությունների մեջ կա տարբերություն: Առաջինը, երբ ընտրողը բացահայտում է իր քվեարկությունը, գիտակցելով, չիմանալով, որ պետք է քվեաթերթիկը դներ ծրարի մեջ և երկրորդը, երբ գիտակցաբար իր քվեարկությունը ցուցադրում է»: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլյա Հակոբյանը:
Ըստ իրավաբանի, եթե կա միտում ցուցադրելու քվեաթերթիկը, ապա դա համարվում է խախտում. «Ընտրական օրենսգրքի խախտում է համարվում քվեաթերթիկը միտումնավոր ցուցադրելը: Տեղամասում քվեարկողը չպետք է հրապարակի իր կատարած ընտրությունը»:
Հ.Գ . Վանաձորում ի վերջո որոշում կայացվեց, որպեսզի Միհրան Քոչարյանը ցուցադրած քվեաթերթիկը հանձնի հանձնաժողովին և նոր քվեաթերթիկով կրկին անցնի քվեարկելու:
Լիլիթ Շաբոյան