Գարեգին Բ-ն ընդունել է շփման գծում ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2015 թ. մարտին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Հնդկահայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հայրենյաց պաշտպան սպան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ անհրաժեշտ բուժում էր ստացել Հնդկաստանում եւ օրեր առաջ վերադարձել Հայրենիք:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերելով ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանին, խոր ցավով անդրադարձավ սպայի վիրավորմանը եւ վստահություն հայտնեց, որ նա միեւնույն ոգով կշարունակի ծառայել Հայրենիքին ու հայ ժողովրդին:

Իր հերթին ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանը հոգածու վերաբերմունքի եւ ստանձնած խնամատարության համար երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ու Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը:

Նորին Սրբությունը, աղոթք վերառաքելով առ Աստված, մաղթեց, որ Ամենակալ Տերն իր հարատեւ օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդուն, եւ վերջինս Երկնավորի զորակցությամբ իր կյանքն ապրի բարի ու գեղեցիկ իրագործումներով:

Վերջում Վեհափառ Հայրապետը նաեւ աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները եւ հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում:
sargis gabrielyan

10-2

10-5-hayr-movses




Լրահոս