ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՆԱԵՎ ԲԱՑԱԿԱ-ՆԵՐԿԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ արտահերթ նիստի օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը «ՀՀ հարկային օրենսգիրք», ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր, որին հետեւեց քվեարկությունը: Նշենք, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախօրեին` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ, եւ ստացվում է, որ օրենսդիրները ֆիզիկապես չէին կարող մանրակրկիտ ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը: Եվ չնայած այդ հանգամանքին՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ինչպես միշտ, եղան նաեւ նիստից բացակայողներ: 18 պատգամավորներ չէին ներկայացել արտահերթ նիստին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու էին այդքան կարեւոր օրենքի նախագծի քվեարկության ժամանակ պատգամավորները բացակայում:

Մինչ քվեարկության անցնելը, իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններն ու հակաիշխանական գործիչներն արտահայտեցին իրենց «հակակրանքը» այդ նախագծի շուրջ: ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում ընդգծեց դահլիճի դատարկ լինելու փաստը: Նա վստահություն հայտնեց, որ շատ պատգամավորներ անգամ չեն հասցրել ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը: Պատգամավորը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի այս նախագծին:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ նախագծի ընդունման արդյունքում ուղղակիորեն կործանվելու է փոքր եւ միջին ձեռներեցությունը, եւ հորդորեց նախագիծը չդնել քվեարկության. «Չի կարելի նման անփույթ տեսքով ընդունել եւ սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու Հայաստանում մնացած մեկ-երկու տնտեսվարողների համար»,- ասաց Զոհրաբյանը: «Երկրում վիճակ փոխելու համար անհրաժեշտ է թեթեւացնել հարկային բեռը եւ ճնշումները, ավելացնել մարդկանց եկամուտները»,- նկատեց Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում գնահատմամբ՝ այս մոտեցումը բացակայում է օրենքի նախագծում:
Այնուամենայնիվ, չնայած հնչած մտահոգություններին եւ քվեարկության ժամանակ առաջացած տեխնիկական խնդիրներին՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց:
Քվեարկության ժամանակ, ինչպես միշտ, եղան բացակա պատգամավորների երկու տեսակ` իրական բացականեր եւ բացակա-ներկաներ: «Ժողովուրդ»-ը իրական բացականերից փորձեց պարզել նիստին չներկայանալու պատճառները: Պարզվեց` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը չներկայանալու համար նախապես գրավոր դիմում է գրել ԱԺ նախագահին: Պատգամավորն ուներ անձնական պատճառներ: Իսկ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի օրենքի նախագծի առնչությամբ, Ստեփանյանը նշեց. «Կային բաներ, որոնք ես վտանգավոր էի համարում, նախորդ անգամ էլ ես դեմ էի քվեարկել»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ միեւնույն ժամանակ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը եւս բացակայողների թվում էր: Նրա բացակայության մասին «Ժողովուրդ»-ը կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանից տեղեկացավ. «Հիմա մենք Գյումրիում եւ Վանաձորում քարոզարշավով ենք զբաղված, այսօր Գյումրիում մեծ հավաք ունեցանք, հետո երթ անցկացրինք Գյումրիի փողոցներում, պարոն Օսկանյանը, բնականաբար, մասնակցում էր այդ միջոցառումներին»:
Բացակա պատգամավոր, Արթիկի քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանը այս օրերին նույնպես զբաղված է քարոզչությամբ, հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, նիստին ներկայանալու ժամանակ չունի:
Անկախ քննարկվող հարցերի կարեւորությունից՝ հայտնի է, որ ԱԺ նիստերից մշտապես բացակայում է Գագիկ Ծառուկյանը: Գործարար պատգամավորը, ում առավել քան պետք է հետաքրքրեր օրենքի այս նախագիծը, չէր ներկայացել նաեւ ԱԺ այս նիստին: Նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում պատգամավորի բացակայությունն այսպես պատճառաբանեց.«Պարոն Ծառուկյանի բացակայությունները մշտապես պայմանավորված են լինում որպես ՀԱՕԿ-ի նախագահի իր պարտականությունների իրականացմամբ: Այդ մասին համապատասխան գրություններ ուղարկվում են ԱԺ»:
Հայտնի է, որ մշտապես բացակայողների շարքում է նաեւ Աշոտ Աղաբաբյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում, պատճառաբանում է, որ օրենսդրական բոլոր փոփոխությունները մեր տնտեսությունը քայքայում են. «Մարդիկ միշտ մտածում են՝ բյուջեն ինչպես շատ լցնեն, եւ ամեն գնով բյուջեն լցնելը հանգեցնում է կատաստրոֆայի: Գամ, ինչ-որ կնոպկա սեղմեմ, որ հետո պատասխանատվության տա՞կ ընկնեմ»,-ընդգծեց պատգամավորը:
Իսկ, ահա, հարկային օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումը ակտիվորեն բարձրաձայնած Գուրգեն Արսենյանի բացակայությունը պայմանավորված է եղել նրա առողջական խնդիրներով: Մեզ հետ զրույցում Արսենյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն հայտնել է իր տեսակետը, եթե ներկա լիներ, դեմ էր քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս ներկա չէր նիստին: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ գտնվում է Մոլդովայում:
Նիստին ներկա չէին նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրանց պատճառաբանությունները լսել մեզ չհաջողվեց:
Միակ ձեռնպահ քվեարկածը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանն էր: «Դեմ, թե կողմ չկողմնորոշվեցի, դրա համար ձեռնպահ քվեարկեցի»,-ասաց պատգամավորը:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ նախօրոք հանրապետական բոլոր պատգամավորներին նախագահականից հրահանգ է տրվել պարտադիր ներկայանալու եւ կողմ քվեարկելու: Նախօրեին նախագծի քննարկման ժամանակ նիստերի դահլիճն ուղղակի «դատարկ էր», իսկ, ահա, երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀԿ-ից գրեթե բոլորը մեկ մարդու պես ներկայացել էին` իրենց առջեւ դրված առաջադրանքը կատարելու:
Ինչ վերաբերում է բացակա պատգամավորների երկրորդ՝ բացակա-ներկա տեսակին, փաստացի նիստից բացակայում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեյրան Սարոյանը եւ Մհեր Սեդրակյանը: Բայց, ինչպես հաճախ է պատահում, պարզվեց` նրանք եւս քվեարկել են:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՉԻ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼՈՒ ՊԱՏՐԻԱՐՔ ԻԼՅԱ 2-ԻՆ

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը մոտ հինգ տարի առաջ կոչ է արել վրացական ընտանիքներին երրորդ երեխա ունենալ եւ խոստացել, որ անձամբ կկնքի այդ երեխաներին: Ըստ փորձագետների՝ դրանից հետո Վրաստանում նույնիսկ 40 անց ընտանիքները երրորդ երեխան են ունեցել, եւ Իլյա 2-րդը Վրաստանում կնքել է 40 հազարից ավել երեխա:

Արդյոք Հայոց Ամենայն կաթողիկոս Գարգենին Բ-ն առաջիկայում ծնելիությունը խթանելու համար համանման նախաձեռնությամբ հանդես կգա: Այս հարցին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Մայր Աթոռը անհրաժեշտություն չի տեսնում ընդօրինակելու որեւէ մեկին կամ որդեգրելու սիրաշահման նման քաղաքականություն ժողովրդագրական խնդիրների հաղթահարման համար: Խնդիրն իրականում գիտակցության բարձրացման մեջ է: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հորդորներ են հնչեցվել՝ ուղղված հայ ընտանիքներին որդեծնության առնչությամբ, ցուցումներ տրվել համայնքներում ծառայող հովիվներին: Սա հսկայական սշխատանք եւ ջանք պահանջող խնդիր է, միայն մկրտություններով հարցը չես կարգավորի մեզանում»:
«Միեւնույն ժամանակ եկեղեցին հասկանում է, որ այդ ժողովրդագրական խնդիրների կարգավորումը ոչ ամբողջապես, բայց, այնուամենայնիվ, որոշ զգալի մասով պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Այս առումով Մայր Աթոռը իր բազում սոցիալական ծրագրերով ջանում է նպաստել որոշակի սոցիալապես խոցելի խմբերի, այդ թվում նաեւ բազմազավակ ընտանիքների խնդիրների թեթեւացմանը»,- նկատեց Վահրամ քահանա Մելիքյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության իր անդամատոմսը հանձնել է այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային խորհրդի նախագահ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին: Գ. Աբազյանն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ սեպտեմբերի 18-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն փաստացի սատարել է ոչ թե ՀՀԿ անդամ թեկնածուներին, այլ անկուսակցական Կարեն Աբազյանին: Վերջինս էլ ընտրվել է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքի ղեկավար: Նշենք, որ այդ ընտրապայքարում կար 7 թեկնածու, որից 4-ը՝ ՀՀԿ անդամ: Սակայն նրանցից միայն Վանուշ Ամիրաղյանն էր առաջադրվել ՀՀԿ տարածքային խորհրդի որոշմամբ, մնացած թեկնածուներն ինքնառաջադրվել էին: Ի դեպ, Վ. Ամիրաղյանը ընտրություններում ստացել է 2355, իսկ Կարեն Աբազյանը՝ 2588 քվե: Ու թերեւս Վանուշ Ամիրաղյանն ավելի մեծ պատճառ ունի ՀՀԿ-ից նեղանալու, քան 852 քվե ստացած Գարիկ Աբազյանը: Ինչեւէ: Հայտնի է դարձել, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ցուցումով Նոյեմբերյան համայնքի մաս կազմող գյուղերի նախկին գյուղապետերը կշարունակեն պաշտոնավարել որպես իրենց բնակավայրերում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչներ: Վերջիններս տեղում ունեն համայնքի ղեկավարի բոլոր լիազորությունները, բացի ֆինանսական գործարքներ կատարելու գործառնույթից: Համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ նշանակելիս, ըստ օրենքի, պետք է հաշվի առնվի տվյալ բնակավայրի հանրային կարծիքը: Նախարար Դավիթ Լոքյանը եւ նրա տեղակալ Վաչե Տերտերյանը մինչեւ Նոյեմբերյան համայնքի խոշորացումը Ոսկեպար գյուղում կայացած ժողովի ժամանակ եւ Տավուշի մարզխորհրդի նիստում վստահեցրել են, որ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններից հետո նախկին գյուղապետերը կաշխատեն որպես իրենց գյուղերում նորընտիր համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչներ: Դա արվում է այն նպատակով, որպեսզի համայնքի խոշորացումը հարթ, առանց ցնցումների ընթանա: Սա դեռեւս չխոշորացված համայնքներին ցույց կտա, որ խոշորացման գործընթացը խնդիրներ չի առաջացնում: Դ. Լոքյանը հայտարարել է, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանի բոլոր համայնքները պետք է խոշորացվեն: Հավելենք, որ համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցչի պաշտոնը հայեցողական է, համայնքի ղեկավարը ցանկացած պահի կարող է աշխատանքից ազատել լիազոր ներկայացուցչին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս