Ազգային պատկերասրահում նկարահանումներն իրականացնելն արժե 1000 դրամ. Հասմիկ Պողոսյանի որոշման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահ այցելած մի շարք քաղաքացիներ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արտասովոր եւ անտրամաբանական երեւույթի են բախվել: Պարզվում է՝ պատկերասրահում լուսանկարչական ապարատով նկարահանում իրականացնելու համար այցելուները պետք է հազար դրամ վճարեն: Իսկ պատճառը, ինչպես արվեստը գնահատողներին պարզաբանել են ՀՀ մշակույթի նախարարության` պատկերասրահում շրջող աշխատակիցները, ցուցադրության դրված գործերը լուսային սարքերից անդրադարձող ճառագայթներից չվնասվելն է:

Այցելուների մոտ հարց է առաջացել` մի՞թե հազար դրամ վճարելու դեպքում այդ վնասը թանկարժեք աշխատանքներին չի հասցվելու: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը: Մեր հարցին ի պատասխան` նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից նշեցին, որ դեռեւս 2009թ. նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ընդունվել է N458 Ա հրամանը, որի 4-րդ կետի համաձայն` մշտական ցուցադրության սիրողական լուսանկարման եւ տեսագրման թույլտվության տոմսի արժեքը սահմանվել է հազար դրամ:




Լրահոս