Տիգրան Ուրիխանյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկված խմբագիրը թմրանյութերի ազդեցության տակ է եղե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի ծեծի դեպքով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ հայտնի դարձան: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` իրավապահները հարցաքննել են «Տոսկանա» հյուրանոցի աշխատակիցներին, որոնք սակայն, գործի համար էական տեղեկություններ չեն հայտնել` ասելով, որ որեւէ բանից տեղյակ չեն, ծեծված քաղաքացու չեն տեսել:

Ըստ լուրերի՝ այն, ինչ տեղի է ունեցել Արտյոմ Խաչատրյանի հետ, ամբողջությամբ նկարահանվել է կատարող խմբի կողմից: Խաչատրյանին տուն հասցրած ընկերները մասնավոր զրույցներում պատմում են, որ նա անճանաչելի վիճակում է եղել` ոչ միայն ծեծված, այլեւ անհաղորդ: Կարծիք կա, որ, ամենայն հավանականությամբ, Արտյոմ Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ է եղել:

Քանի որ դեպքից 5 օր անցել է, «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարցերի պատասխաններ ստանալ ծեծված խմբագրից:

-Պարո՛ն Խաչատրյան, կներկայացնեք` ի՞նչ վիճակում էիք գտնվում հյուրանոցում: Դուրս գալու հնարավորություն ունեցե՞լ եք:

-Այո՛, կարծում եմ` եթե փորձեի դուրս գալ, ինձ չէին խանգարի:

-Ստացվում է` Ձեզ ստիպողաբա՞ր չեն պահել, ազատությունից չե՞ն զրկել: Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձել դուրս գալ:

-Գիտեք` երբ մարդը նման վիճակում է հայտնվում, անորոշությունից չի հասկանում` ինչ անել…

-Երեւի թե, առաջին հերթին փորձում է ազատ արձակվել: Դուք, սակայն, մնացել եք..

-Այո՛: Այնտեղ Տիգրան Ուրիխանյանի տղաներն էլ էին: Հետո որ ընկերներս ինձ տուն տարան, ասացին, որ երկու տղա հսկում էին կողքի սենյակից: Ու չի բացառվում, որ եթե ես փորձեի դուրս գալ, ինձ վնասեին:

-Ըստ լուրերի` Ձեր ընկերների մոտ կասկածներ կան, որ Դուք թմրանյութի ազդեցության տակ եք եղել…

-Այո՛, ես եւս դա չեմ բացառում: Իննսունինը տոկոսով դա հավանական բան է: Ես այն վիճակում էի, որ իմ ուտելիքի մեջ ամեն բան էլ կարող էին գցել: Ուղղակի իրավապահները, չգիտես ինչու, փորձաքննություններ չեն նշանակում, որպեսզի ես էլ ստանամ այդ հարցերի պատասխանները:

«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից` հասկանալու համար` ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իր հորդորներն՝ ուղղված ՀՀ իրավապահներին` սուտ մատնության հատկանիշներով քրգործ հարուցելու վերաբերյալ, դեռեւս չեն իրականացել: Ավելին՝ Ուրիխանյանի գրասենյակի հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ծեծի գործով:

Արդյո՞ք Տ. Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության: Մեր հարցերին ի պատասխան` Ուրիխանյանի գրասենյակից փոխանցեցին լուսանկար, որտեղ Արտյոմ Խաչատրյանն է մի աղջկա հետ` մեկնաբանելով. «Ինչպես երեւում է՝ առանց որեւէ մարմնական վնասվածքի Ա. Խաչատրյանը լուսանկարվել է Տոսկանա համալիրում, որտեղ նա մի քանի օր, իր խոսքերով, գտնվել է, նրանից հետո, երբ իրեն, իբր, ծեծել են: Կարծում ենք ե՛ւ լուսանկարում պատկերված կինը, ե՛ւ այդ օբյեկտի անձնակազմն ու տեսախցիկները կհաստատեն բոլոր ամսաթվերը»:
Թե որտեղից նրանց այդ լուսանկարը, այդպես էլ անհայտ մնաց: «Ժողովուրդ»-ը նպատակահարմար գտավ չհրապարակել այն` ելնելով լրագրողական էթիկայի սահմանված նորմերից:

Տաթեվ Հարությունյան




Լրահոս