Տևական ժամանակ է, ինչ Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանում ընթացող շինարարական աշխատանքները իրականացնում է «Ավա Բիլդինգ» ընկերությունը: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ նշված ընկերության հիմնադիրն է սեպտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետ վերընտրված ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գորիսի քաղաքապետարանը օգոստոսի 5-ին պայմանագիր է կնքել «Ավա բիլդինգ» ընկերության հետ՝ քաղաքապետարանի շենքի վերանորոգման համաշինարարական աշխատանքների կատարման համար: Այդ նպատակով Գորիսի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է ավելի քան 31 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ավա Բիլդինգ» ընկերությունը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում, իսկ ընկերության հիմնադիրն է Վաչագան Ադունցը, նույն ինքը՝ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետը: Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականի ապրիլի 6-ին:
Նկատենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի նախկին եւ ներկա քաղաքապետերի մոտ արդեն սովորություն է դարձել իրենց սեփական ընկերություններին վստահել քաղաքի շինարարական աշխատանքների իրականացումը: Նման գործունեություն իրականացնում էր նաեւ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը. Վանաձորի ոչ միայն ասֆալտապատման, այլեւ աղբահանության աշխատանքներn իրականացնում էին /միգուցե՝ նաեւ հիմա/ Դարբինյանին պատկանող ընկերությունները:
Իսկ, ահա, Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը քաղաքի թաղամասերի բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքների համար պայմանագիր կնքում էր միայն «Ոսմար» ընկերության հետ, որի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ 35 տոկոսը՝ վերջինիս եղբորը՝ Արթուր Մարտիրոսյանին, ով անցած տարվա հուլիսից հանդիսանում է նաեւ ընկերության տնօրենը: Մինչ այդ ընկերությունը ղեկավարել է անձամբ Նելսոն Ոսկանյանը:
«Ոսմար»-ը նախորդ տարիներին նույնպես իրականացրել է Գորիսի շինաշխատանքները: Ի դեպ, տեղեկացնենք, որ Նելսոն Ոսկանյանը բավականին ջերմ հարաբերությոuններ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ինչով էլ պայմանավորված է եղել Գորիսի ճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացումը «Ոսմար»-ին վստահելու որոշումը: Ի դեպ, բացի «Ոսմար»-ից՝ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հիմնադիրն է նաեւ «Գորեր» ընկերության, որի տնօրենն է իր հարազատ եղբայրը՝ Ոսկան Ոսկանյանը, ով այժմ Գորիսի ավագանու անդամ է: Այս ընկերությունը նույնպես մասնակցել է քաղաքապետարանի կողմից հայտարարված գնումների մրցույթներին:
Հիմա էլ հերթը «Ավա բիլդինգ» ընկերությանն է: Այս ընկերությունը նախորդ տարիներին շինարարության ոլորտում այդքան էլ հայտնի չի եղել, իսկ մարզի եւ համայնքների գնումների գործընթացներում մասնակցություն գրեթե չի ունեցել: «Ավա բիլդինգ»-ի ասպարեզ դուրս գալը պայմանավորված է Ադունցի Գորիսի քաղաքապետ դառնալու հանգամանքով:
Սակայն այս ամենի առաջ շարունակում են աչք փակել Սյունիքի մարզպետարանում: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, անդրադառնալով հարցին, երջանիկ անտեղյակությամբ հայտարարեց. «Գնումների գործընթացը նորմալ օրինական ձեւերով վարած է, հիմա մարզպետարանը ինչ պետք է անի այստեղ: Ոչ մի բան»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք կասկածելի բան չի տեսնում, երբ քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու է հենց գործող քաղաքապետի հիմնադրած ընկերությունը, մարզպետարանի աշխատակիցը ասաց. «Հա, ի՞նչ անենք, որ իրենն է:
Դա իմ անձնական կարծիքն է: Ես դրա մեջ վատ բան չեմ գտնում, քանի դեռ ստուգված կամ փորձված չի: Այլ խնդիր է, եթե գնումների գործընթացում ընթացակարգ է խախտվել: Հիմք է պետք՝ ստուգումներ իրականացնելու համար: Հա, մտնես, ստուգես, բայց անունն ինչ դնես, կրիմանա՞լ կա այդտեղ, ինչ-որ խնդի՞ր կա այդտեղ»:
Արդյոք Գորիսի քաղաքապետարանին թույլատրված է առանց մրցույթ հայտարարելու, բանակցային գործընթացով որոշ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով պայմանագրեր կնքել ընկերությունների հետ, ինչ սկզբունքով է քաղաքապետարանը պայմանագիր կնքել հենց գործող քաղաքապետ Ադունցի հիմնադրած ընկերության հետ. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ:
-Պարո՛ն Ադունց, արդյո՞ք Ձեր լծակները չեք օգտագործել` Ձեր հիմնադրած ՍՊԸ-ին Գորիսի քաղաքապետարանի շինաշխատանքների ծրագրերում ներգրավելու համար:
-Ես իմ անձնականի համար երբեւէ պետական միջոցները չեմ օգտագործել: Մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան…
-Այդ դեպքում ինչո՞ւ հենց «Ավա Բիլդինգը»-ը հաղթեց մրցույթում:
-Այդ ընկերության հետ ես այլեւս կապ չունեմ: Մրցույթը տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով: Անհոգ եղեք, ամեն բան թափանցիկ է: Քաղաքապետարանի վերանորոգումը երկու փուլով է իրականացվում: Առաջին փուլին մասնակցել է մեկ այլ ընկերություն, իսկ 2-ին՝ «Ավա բիլդինգ»-ը: Այժմ քաղաքապետարանի վերանորոգման աշխատանքների 2-րդ փուլն է ընթանում:
-Այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունեք այդ ընկերության հետ:
-Միայն հիմնադիրն եմ: Բարեկամ չունեմ այնտեղ աշխատող:
-Պարո՛ն Ադունց, որպես քաղաքապետ, արդարացված համարո՞ւմ եք սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում ավելի քան 31 մլն դրամ հատկացնելը քաղաքապետարանի շենքի վերանորոգմանը:
-Իհարկե: Դա որոշել է համայնքի ավագանին, որովհետեւ ցանկացած մարդ պետք է առաջինը իր տունը հյուրընկալ դարձնի: Եթե քաղաքապետարանի նախկին շենքը տեսնեիք, ապա նման հարց չէիք տա ինձ: Ի վերջո, պետք է նորմալ պայմաններում մարդիկ աշխատեն, որպեսզի նորմալ էլ ծառայեն բնակչությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ