«Այս մեկ ամսվա ընթացքում վարչապետը զբաղված էր իր կաբինետի ձևավորմամբ և անգամ կառավարության ծրագիրը դեռ չկա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը լրանում է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման  մեկ ամիսը: Նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանն անցավ կադրային ջարդի, եղան ինչպես նոր նշանակումներ, այնպես էլ մի շարք պաշտոնանկություններ:

ArmLur.am-ի հետ  զրույցում  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Մարգարիտա ԵսայանԸ նկատեց, որ այս մեկ ամսվա ընթացքում վարչապետը զբաղված էր իր կաբինետի ձևավորմամբ և անգամ կառավարության ծրագիրը դեռ չկա:

«Կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք կունենանք կառավարության ծրագիրը և միայն սրանից հետո կարող ենք դատողություններ անել: Այս մեկ ամսվա ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը  կարծում եմ ՝ շատ հետաքրքիր կաբինետ է ձևավորել, շատ անսպասելի ձևով»,-ասաց նա:

Մարգարիտա Եսայանը հույս ունի, որ Կարեն Կարապետյանը  կիրականացնի այն բոլոր խնդիրները, որոնք նրա առջև դրված են և կվերականգնի վստահությունն իշխանությունների հանդեպ:

«Այն կադրային փոփոխությունները, որ իրականացրեց վարչապետը, անսպասելի և հետաքրքրիր փոփոխություններ էին: Եկան անձինք, որոնք մինչ այժմ պետական կառավարման համակարգին առանձնապես հայտնի չէին, բայց իրենց ոլորտներում որոշակի հաջողություններ գրանցել էին»,- նկատեց Մ. Եսայանը:

Ըստ նրա՝ դեռ վաղ է դատողություններ անել, քանի որ դեռևս  ներկայացված չի կառավարության ծրագիրը, պետք է սպասել և տեսնել, թե հիմնական շեշտը ինչի վրա է դրվում, ինչ ժամկետներ է ներկայացվում այդ ծրագիրը իրականացնելու համար, հետո նոր գնահատականներ տալ:

«Մենք պետք է փորձենք ինքներս, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, օգնենք այս կառավարությանը, որովհետև այս կառավարության հաջողությունները լինելու են մեր բոլորի հաջողությունները:

Իսկ այն հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կանցնի ՀՀԿ-ականների շարքերը, թե ոչ: Մարգարիտա Եսայանը նշեց, որ իր համար էական չէ վարչապետը կուսակցական կդառնա, թե ոչ:

«Եթե մարդը գործ է անում և հասնում է հաջողությունների, ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդու գրպանում կուսակցական տոմս կա, թե ոչ»,-հավելեց նա:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս