«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել քրեական-քաղաքական աշխարհում հայտնի Օդեսայի Արտակի ծննդյան տարեդարձի արարողությունը։ Նրա ծննդյան օրվա հանդիսությանը ներկա են եղել աշխարհի մասշտաբով հանրահայտ դեմքեր։ Ներկա են եղել աշխարհահռչակ մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը, երգիչ Նիկոլայ Բասկովը, ռուսական եւ հայկական էստրադայի հայտնի դեմքեր։
Տոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի քաղաքական ու քրեական էլիտայի կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը։ Ծննդյան հանդիսության պատվավոր թամադան եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։ Ականատեսների խոսքերով` երբ բոլոր հյուրերը հավաքվել են, մեծ էկրանին հայտնվել է ֆիլմ, որում ներկայացված է եղել տեսարան, թե ինչպես է Օդեսայի Արտակը օդապարիկով վայրէջք կատարում «Փարավոնի» բակում։ Երբ ֆիլմն ավարտվել է, վերջինս օդապարիկով արագ վազքով մտել է դահլիճ։ Նկատենք, որ ֆիլմի ցուցադրության ողջ ընթացքում բոլոր հյուրերի հետ միասին համբերատար հոբելյարի ժամանելուն է սպասել նաեւ Սերժ Սարգսյանը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` երբ Արտակը մտել է դահլիճ, դահլիճը թնդացել է ծափողջույններից։ Արարողության մեկնարկից մոտ 30 րոպե անց թամադան ներկաներին առաջարկել է ոտքի կանգնել ու ողջունել Սերժ Սարգսյանին։ Նա ի մասնավորի ասել է. «Սերժ Սարգսյանը ձեր երկրի նախագահն է, եկեք նույն ոգեւորությամբ ողջունենք նրան, ինչպես դիմավորեցինք Արտակին։ Բոլոր դեպքերում նա ձեր նախագահն է»,- իր խոսքը եզրափակել է աշխարհահռչակ շանսոնյեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: