Պավել Մանուկյանի կալանքի փոփոխման հարցով դատական նիստը հետաձգվել է. նա ունի առողջական շատ լուրջ խնդիրներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի փոփոխման հարցով նիստը հետաձգվեց:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի հետաձգման պատճառն այն էր, որ Պավել Մանուկյանը չէր բերվել դատարան. «Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և հաջորդ դատական նիստին ներկա կլինի նաև Պավել Մանուկյանը: Վերջին մեր տեսակցությունները տագնապ են առաջացնում պաշտպանական կողմի մոտ»:

Պաշտպանների խոսքով` Պավել Մանուկյանն ունի առողջական շատ լուրջ խնդիրներ. «Պավել Մանուկյանի առողջական վիճակը հետվիրահատական շրջանում դեռևս բավարար չէ, և նրան  պատճառված մարմնական վնասվածքի հետևանքով պետք է նշանակվի նաև ֆիզիոթերապևտիկ  բուժումներ:
Մեկուսարանային պայմաններում Պավել Մանուկյանի բուժումն անբավարար է և պաշտպանական կողմը մոտակա օրերին նպատակ ունի միջնորդել, որպեսզի Պավել Մանուկյանին տեղափոխեն այլ բուժական հիմնարկ՝  ստացիոնար բուժման»:

Նշենք, որ Պավել Մանուկյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

Լիլիթ Շաբոյան




Լրահոս