ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտահոգությանը, ըստ որի, Հայաստանին սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ անվան տակ:
ԿԲ-ն, մասնավորապես, հայտնում է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:
Հաշվի առնելով, որ այսօր հրապարակայնորեն ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.
1.Դեֆոլտ՝ տվյալ դեպքում նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:
2.Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի, և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները:
Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»: