Կարեն Կարապետյանը Արմեն Աշոտյանին մեղադրեց կոռուպցիայի մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»: Ինչպես հայտնի է՝ մինչ այս տարվա փետրվար, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, այդ պաշտոնը յոթ տարի շարունակ զբաղեցնում էր Արմեն Աշոտյանը: Այսինքն՝ հանրակրթական հաստատություններում այսօր առկա իրավիճակի համար առաջնահերթ պատասխանատու անձը հենց նա է, քանի որ յոթ տարին բավական երկար ժամանակ էր՝ ոլորտը ապականելու կամ բարեփոխելու համար: Այսպիսով, վարչապետը փաստացի Արմեն Աշոտյանին անգործության կամ էլ ոլորտը ապականելու մեջ է մեղադրում:

Արմեն Աշոտյանից փորձեցինք մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. «Պաշտոնաթողությունից հետո կրթության եւ գիտության ոլորտների մասին հրապարակային ելույթներ եւ գնահատականներ չեմ հնչեցնում»: Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է օրենքով արգելել, որպեսզի պետական ԲՈՒՀ-երի կառավարման խորհրդի կազմում պետական պաշտոնյաներ չլինեն: Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, մանկավարժականում՝ Գալուստ Սահակյանը, ճարտարապետաշինարարականում՝ Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Տեսնենք՝ բուհերի ՀՀԿ-աթափումը ինչ արդյունք կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս