Հոկտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ հաստատվեց ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ:
ՀՀ ԱԻ նախարարությունից տեսակապին մասնակցում էին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գեներալ–մայոր Ն. Գրիգորյանը և փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը:
Տեսակապի սկզբում Ս. Ազարյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԻՆ նախարարությանը` պատահարին արագ արձագանքելու, պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու և ակտիվ համագործացության համար:
ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը Բեսլանից Երևան կուղևորվի հայկական ժամանակով ժամը 16:00-ին, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվեն նաև ավտոբուսի վթարի հետևանքով ազգությամբ հայ երկու զոհի դիերը: