ՀՔԾ-ում ամփոփվեցին անցած 9 ամիսներին կատարված աշխատաքների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել 2016 թվականի անցած 9-ը ամիսներին կատարված աշխատանքների արդյունքներին նվիրված խորհրդի նիստ, որը նախագահել է ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալները, վարչությունների պետերը, նրանց տեղակալները, ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, ծառայության և աշխատակազմի այլ պաշտոնատար անձինք:

Խորհրդի նիստում ներկայացվեցին ծառայության անցած 9-ը ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վիճակագրական տվյալները: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթներում քննվել են 631 (2015թ.-ին՝ 571) քրեական գործեր, որոնցից 430-ի նախաքննությունը հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է (2015թ.-ին՝ 377), իսկ մնացած 201 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, իր խոսքում անդրադարձ կատարելով հիշյալ ժամանակահատվածում ծառայության կատարած աշխատանքներին, առանձնահատուկ ընդգծեց, որ չնայած անհամեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն սրա հետ մեկտեղ որոշակիորեն բարելավվել է քննության որակը, բարձրացել քննության արդյունավետությունը: Որպես աշխատանքի դրական ցուցանիշ, ծառայության ղեկավարը առանձնահատուկ ընդգծեց ծառայության վարույթում քննվող և հանրությանը հատկապես հետաքրքրող քրեական գործերով տեղեկատվության պարբերականության աճը, հնարավորինս թափանցիկ նախաքննության իրականացման հանգամանքը:

Խորհրդի նիստի ընթացքում Վահրամ Շահինյանը խոսեց նաև ծառայության առանձին աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների ու բացթողումների մասին և դրանք շտկելու ուղղությամբ մատնանշեց կոնկրետ ուղիներ, տվեց հանձնարարականներ:
Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ծառայության խորհրդի անդամները և նիստին մասնակցող այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս