ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը շրջել է կենտրոնում կառուցվող ժամանակակից ջերմոցային տնտեսությունում, որտեղ ոռոգումն իրականացվելու է կաթիլային համակարգի միջոցով: Նախարարը հետևել է գիտական կենտրոնի վերազինման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքներին և գոհունակություն արտահայտել կենտրոնի գործունեությամբ:

«Գիտական կենտրոններն այսօր ապահովում են գյուղատնտեսության զարգացման ապագան՝ վաղվա օրը, ուստի մենք պետք նրանց առաջ ճիշտ նպատակ դնենք, առկա հարցերին համակարգային մոտեցում ցուցաբերենք և տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ ներգրավենք դրանք ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարը հավելել է, որ նախարարության ենթակայության գիտական կենտրոնները պետք է մատուցեն նաև խորհրդատվական ծառայություններ:
Ներկայումս կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայում կատարվում է ստացված սորտերի և հիբրիդների պտուղների որակական ցուցանիշների գնահատում, որոշվում է չոր նյութերի, շաքարների, վիտամինների, նիտրատների պարունակությունը: Այսօր կենտրոնում մշակվել և արտադրությանն են ներկայացվել ևս 32 անուն բաղադրատոմսեր` մարինադներ, մուրաբաներ, աղանդային պահածոներ և այլն:

Կենտրոնում կատարվող գիտական աշխատանքների նպատակն է ստեղծել նոր, մրցունակ, հանրապետության տարբեր բնակլիմայական պայմաններին հարմարված, բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ համեմատաբար դիմացկուն, պտուղների որակական բարձր ցուցանիշներով օժտված, թարմ օգտագործման և վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարող բանջարաբոստանային մշակաբույսերի սորտեր և հիբրիդներ, ստանալ դրանց բարձր վերարտադրության անհրաժեշտ քանակի սերմեր, ինչպես նաև մշակել բույսերի աճեցման և բանջարեղենի վերամշակման համար նոր տեխնոլոգիաներ:
Գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են բանջարաբոստանային մշակաբույսերի 126-ից ավելի սորտեր և հիբրիդներ: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3780-ից ավելի սորտանմուշներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հաարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս