ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՊԱՆԱՄԱՅԻ ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ավելի քան 5 ամիս որեւէ տեղաշարժ չկար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սույն քրեական գործում նոր զարգացումներ են տեղի ունենում: Պարզվում է` հայրենի իրավապահները որոշել են գործում ներգրավել նաեւ միջազգային կառույցներին:

Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության:
Նախ հիշեցնենք՝ ընթացիկ տարվա հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացել էր ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր, համաձայն որոնց` այդ ժամանակ դեռեւս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում Մ. Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):
Սկզբում Մ. Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Մ. Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի` Մ. Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի:
Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ է բացահայտվել մինչ այսօր:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը վերջին հարցաքննությունից հետո այլեւս հարցաքննության չի հրավիրվել: Պարզվում է՝ ներգրավվածության շրջանակներն ավելի են ընդլայնվում: Մեր տեղեկություններով` օֆշորային գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Հայաստան է հրավիրել միջազգային կառույցների ղեկավար պաշտոնատար անձանց: Ըստ էության` ՀՀ իրավապահները նշված անձանցից վերցված ցուցմունքներով կփորձեն հասկանալ` Պանամայի օֆշորային գործարքներում Միհրան Պողոսյանի անվան շրջանառությունը որքանով է համապատասխանում իրականությանը:
Թերեւս, ԴԱՀԿ նախկին պետի ցուցմունքներն այնքան էլ միանշանակ եւ անհերքելի չեն ընկալվել հայրենի իրավապահների կողմից, եւ վերջիններս փորձում են շրջանառվող տեղեկությունների հավաստիությունը պարզել ավելի լայն շրջանակներից:
Ի դեպ, չի բացառվում, որ Հայաստան հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները լինեն հենց վերը հիշատակված շվեյցարական «LGT» բանկի անձնակազմից:
Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից: Վերջինս մեր հարցին ի պատասխան` նշեց. «Քրեական գործին վերաբերող մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»:
Այսպիսով՝ առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե Պանամայի օֆշորային գործարքների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ովքեր են հրավիրվել Հայաստան, սակայն չենք կարող բացառել, որ առաջիկայում նոր աղմկահարույց մանրամասներ ի հայտ կգան, եւ, թերեւս, սրանից հետո կհստակեցվի` ինչ կարգավիճակով է, ի վերջո, Միհրան Պողոսյանը ներգրավվելու գործին:
Հիշեցնենք՝ երբ օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քաղաքական հրահանգ էր տրվել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի ողջ խստությամբ: Սակայն ավելի ուշ քաղաքական վերնախավում որոշում կայացվեց, որ գործը քննեն՝ առանց մանրամասների մեջ լուրջ խորանալու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ քննիչները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Ասել է, թե նրանք շարունակում են ստուգել ե՛ւ մամուլում հրապարակված տեղեկությունները, ե՛ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետի ցուցմունքները, համադրել դրանք միմյանց: Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ երկար ժամանակ անարգել գործել է: Ու առ այսօր կարծես թե ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանը հարուցված քրգործով որպես մեղադրյալ չի ներգրավվել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Սեւանի՝ արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ինքն ապացույցներ ունի, որ իր հիմնական մրցակից «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը, ով ձայների մեծամասնությամբ ընտրվեց Սեւանի քաղաքապետ, քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ ընտրակաշառք է բաժանել քաղաքում: Ռ. Ղուկասյանն ասել է նաեւ, որ իր թիմակիցները տեսանկարահանել են այդ ամենը: Թեեւ նախկին քաղաքապետը լրագրողներին հորդորել էր իր նախընտրական շտաբ գնալ եւ տեղում ծանոթանալ տեսանյութերին, սակայն շտաբի աշխատակիցները հրաժարվել են լրագրողներին փաստեր ներկայացնել` ասելով, թե իրենց խանգարում են աշխատել:
Սեւանի նախկին քաղաքապետի հայտարարությունից հետո ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են հաղորդում տալ, բայց նա հրաժարվել է եւ փոխանցել, որ պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք: Բայց ոստիկանությունը, ավանդույթի համաձայն, շարունակում է «հանգամանքները պարզել»:
«Ժողովուրդ»-ը Ռուդիկ Ղուկասյանից փորձեց պարզել` ե՞րբ է պատրաստվում հաղորդում ներկայացնել: «Պետք չի, որ ներկայացնեմ: Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանն է ամեն ինչում ներգրավված: Էլ ի՞նչ ներկայացնեմ»,-հակիրճ պատասխանեց մեր զրուցակիցը: Այսինքն՝ ՀՀ ոստիկանի հանցանքի մասին մյուս ոստիկանին բողոքելը նախկին քաղաքապետն անիմաստ է համարում:
Իհարկե, Սեւանի քաղաքապետը կարող է հրաժարվել փաստեր ներկայացնել այն մարմնին, որին մեղադրում է հանցագործության մեջ: Բայց դա չի նշանակում, որ իրավապահ մարմինը՝ տվյալ դեպքում ոստիկանությունը, պետք է ձեռքերը ծալած նստի: Նրանք հանգիստ կարող են արդեն հրապարակված նյութերի հիման վրա նյութեր նախապատրաստել եւ պատժել ընտրակաշառք բաժանած անձանց, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն, եւ այդ աշխատանքն իրականացնելու համար Սեւանի ոստիկանները չեն ունեցել «Երեւանից իջած պատվեր»:
Ինչո՞ւ լրատվամիջոցներում եղած հրապարակումների հիման վրա քննություն չի սկսվում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Ռուդիկ Ղուկասյանի հայտարարության հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած բոլոր հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն` ստուգողական քննություն անցկացնելու նպատակով:
Ի դեպ, ինքնաառաջադրված եւ ընտրություններում հաղթանակած Սարգիս Մուրադյանը ArmLur.am լրատվականի հետ զրույցում, հակադարձելով ընտրակաշառքի թեմային, ասել էր. «Ես էլ կարող եմ ասել, որ նա է բաժանել, բայց հո ասելով չի»:
Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու, թե ինչպես է ՀՀ ոստիկանությունը փորձելու փրկել իր դեմքը:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՍՆՈՒՆԴ ԵՆ ՏԱՐԵԼ
«Սասնա ծռեր» խմբի աջակիցները երեկ Էրեբունի թանգարանի դիմացից երթ են իրականացրել դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ: Նախաձեռնող խումբը «հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի անունից սնունդ է տարել «Սասնա ծռերին» եւ նրանց աջակցողներին: Նախաձեռնության անդամները «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում բաժանել են սնունդն ու տարել անցակետ: «Մենք մեր խղճի պարտքն ենք կատարում: Արթուրն արեց այն ամենը, ինչ մենք չկարողացանք անել: Այս ձեւով մենք փորձում ենք ցույց տալ իրեն, որ գնահատում ենք իր արած քայլը»,-armlur.am-ին ասել է Սանասարյանը:

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՔԾ
Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

 

 

 

ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ
Բավականին մեծ աղմուկով Հայաստան մուտք գործած «Յանդեքս» տաքսին, որը խոստանում էր հեղափոխություն անել հայաստանյան տաքսի ծառայություններում եւ առաջարկում էր մեկ ԿՄ-ի դիմաց աննախադեպ 100 դրամ սակագին, ընդամենը մի քանի ամիս մատչելի գներով աշխատելուց հետո այժմ սկսել է մոլորեցնել ուղեւորներին: Նախ՝ պարզվեց, որ Երեւան քաղաքից դուրս մեկ կիլոմետրի դիմաց կարող են պահանջել նույնիսկ 150 դրամ: Արդեն մեկ ամիս է՝ ինչ տարբեր սակագներ են գործում նաեւ Երեւանում: Երբ պատվիրում ես մեկ կիլոմետրը 100 դրամ պահանջող մեքենա «Յանդեքս» տաքսիից, ծրագիրը տարբեր պատճառաբանություններով այլ արժեք է առաջարկում եւ հաճախ զարմանալի արժեքներ:




Լրահոս