Վանաձորում նախօրեին տեղի ունեցածը այլ կերպ քան խայտառակություն հնարավոր չէ մեկնաբանել: «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարը` Արկադի Փելեշյանը, որը հայրենի քաղաքում հայտնի է Ակա կրճատ անունով, ծեծի է ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին: Պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ընտրություններն են. մարդը, որ օրեր առաջ հավակնում էր դառնալ Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետ, ծեծի է ենթարկում իր կուսակցության օգտին չքվեարկելու համար: Երեկ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ստորագրությամբ ազատ արձակել: Թե ինչու, դժվար չէ կռահել: Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը: Այս իրավիճակն այնքան խոսուն է, որ մեկնաբանության կարիք չունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել: Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է: Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը: Իսկ թե նման որ «խմբակին» նա կմիանա, առաջիկայում պարզ կդառնա:
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը: Այն ԱԺ-ին ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է քննարկվի եւ քվեարկության դրվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ծրագրել են անկախության 25-ամյակին նվիրված համաներման նախագիծը խորհրդարան ուղարկել կառավարության ծրագրի քննարկումներից հետո: Ժամանակագրությամբ ստացվում է, որ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը: Չնայած պաշտոնական աղբյուրներն առանձնապես չեն հերքում, որ առաջիկայում համաներում է հայտարարվելու, սակայն միաժամանակ խուսափում են ժամկետներ նշելուց՝ գիտակցելով, որ նախընտրական շրջանում ենք գտնվում, եւ ակնհայտ է, որ իշխանությունները կցանկանան, որպեսզի համաներման նախագիծը ընտրություններին հնարավորինս մոտ լինի, որ ձայներ հավաքեն:
ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) եւ նրա հետ տհաճ զրույց ունեցել: Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել: «Դա ոչ իրատեսական եւ տրամաբանությունից հեռու տեղեկություն է: Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից եւ ո՛չ էլ քաղաքականությունից»,- պատասխանեց ԱԺ նախագահի որդին: Մեր այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ, որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանեց. «Շատ հանգիստ: Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ եւ ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի: Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Երեկ Աժ-ում ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանը հայտարարեց, թե ինքը մտադիր է ԿԸՀ-ում որակյալ լրագրողներ պատրաստել, այնպես, ինչպես արել է ժամանակին ՊՆ-ում.«Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչեւ ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել»,- առանց ավելորդ համեստության՝ հայտարարեց ՊՆ լրատվականի նախկին ղեկավարը: Հիշեցնենք, որ նրա գործունեության տարիներին ՊՆ-ն Հայաստանի ամենափակ կառույցն էր: Ինչեւէ, չենք կարող չհամաձայնել պարոն Շահսուվարյանի որոշ պնդումներին՝ կապված տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական անպատրաստության հետ: Սակայն չենք կարող նաեւ չնկատել, որ հենց պարոն Շահսուվարյանի «դարբնոցի» որոշ կադրերի ակտիվ ջանքերով է այսօր լրատվական դաշտը հեղեղվել անհասկանալի ծագումնաբանության կայքերով, որոնց ներկայացուցիչները, ուզենք, թե ոչ, եւս համարվում են լրագրողներ եւ իրենց, մեղմ ասած, ոչ պատրաստված գործունեության արդյունքում ստվերում են նաեւ իրական լրատվամիջոցների գործունեությունը:
Երեկ այս թեմայով արված դատողությունների շարքում, սակայն, առավել տարակուսելի էին Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի հայտարարությունները: «Ես հանրաքվեից հետո հարց բարձրացրեցի, որ այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ էին զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության: Կարծես որեւիցե նման պատասխանատվություն ես չեմ լսել, որ ենթարկվեն նման մեկնաբաններն ու ԶԼՄ-ները: Կարծում եմ՝ Ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից: Առաջիկայում քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»,- ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց Ավետիսյանը:
Փաստորեն, Նոր ԸՕ-ում լրագրողների գործունեության սահմանափակումները քիչ էին, հիմա էլ ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկում է իրեն ոչ հաճելի մեկնաբանությունների համար լրագրողներին պատասխանատվության ենթարկել: Ինչպես ասում են՝ հասանք:
Ինչ վերաբերում է Շահսուվարյանին, ապա նա վերստին իրեն վերագրելով լրատվական դաշտի «կնքահոր» դերակատարությունը, հայտարարեց, թե հարյուրավոր լրագրողների է խնդրել, աղաչել, որ մյուս կողմին էլ լսեն: Հետաքրքիր է՝ արդյոք, առհասարակ, Հայաստանում կան հարյուրավոր լրագրողներ, որոնք ոչ միայն գործում են, այլ նաեւ ճանաչում Շահսուվարյանին: «Եթե կկարողանաք մի այնպիսի օրենք ընդունել, որ մարդը պատասխան տա իր արածի համար, այն ժամանակ երեւի ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ պատասխանատվության զգացում չունեն, ինչ ուզելու, գրելու են»: Հիրավի, քանի դեռ չկա պատասխանատվության զգացում, ինչ ուզում՝ խոսում են, անգամ՝ հանդես գալիս հարյուրավոր լրագրողների անունից: