Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Թթուջուր համայնքների բնակիչները դժգոհում են «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործելաոճից: Բանն այն է, որ ընկերությունն ամիսներ առաջ նշված համայնքների բնակիչներից կաթ է մթերել, սակայն դեռ չի վճարել գումարները:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ գյուղացիներին ունեցած պարտքերին:
«Արդեն 4 ամիս է, ինչ անընդհատ խաբում են, ստում, կաթի փողը չեն տալիս, խայտառակ աղքատ, սոված մարդիկ ենք, կաթ ենք հանձնում, որ ալյուր, մակարոն գնենք»,- «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց Ճամբարակի բնակիչներից մեկը: Զրույցի ընթացքում բնակիչները նշեցին, որ իրենք կաթը վաճառելու այլընտրանք չունեն: Միայն վերջին ամսվա ընթացքում է, որ նրանց մեծ մասը սկսել է ստիպված կաթը հանձնել «Դուստր Մարիաննա» ընկերությանը: Ճամբարակի եւ Թթուջրի բնակիչների պատմելով՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն 1 լիտր բարձր յուղայնություն ունեցող կաթի դիմաց վճարում է 125, իսկ «Դուստր Մարիանա» ընկերությունը՝ 120 դրամ:
«Չեմ կարողանում հասկանալ ու ընդունել այն, որ նույն «Աշտարակ կաթ»-ը իր արտադրած 1 լիտր կաթը խանութներում վաճառում է 420 դրամով, իսկ մեզանից գնում է 125 դրամով: Չէ որ բավականին լավ է վաճառվում իրենց արտադրանքը: Այդ դեպքում ինչու չեն կարողանում վճարել մեր պարտքերը: Մենք դրանով ընտանիք ենք կերակրում: Չեմ խոսում կոմունալ վարձերի եւ այլ ծախսերի մասին»,- վրդովված նկատեց Ճամբարակի 51-ամյա բնակչուհի Կարինեն:
Իսկ, ահա, Ճամբարակի հարեւան Թթուջուր գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին ներկայացրին, որ ընկերությունը բնակիչների մեծ մասին պարտք է միայն 2 ամսվա մթերած կաթի գումարը: Թթուջուրցիների խոսքերով՝ «Աշտարակ կաթ»-ը մթերած կաթի պարտքը չմարելը պատճառաբանում է՝ փող չունենալով: Եւ ամեն անգամ, երբ բնակիչները ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվում են, թե երբ են իրենց վճարելու, ստանում են «մի քիչ համբերեք» պատասխանը: Անելանելի դրության մեջ ընկած քաղաքացիները չգիտեն, թե ինչ անեն՝ այս խնդիրը լուծելու համար:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանի հետ, ով լսելով մեր հարցադրումը՝ անմիջապես նկատեց, որ արդեն չորս տարի է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը նման խնդրի առաջ է կանգնած. «Փորձել ենք միջամտել, բայց ասում են, որ առայժմ փող չկա, համբերեք: Չեմ կարող ասել, թե երբ վերջնական կմարեն իրենց պարտքերը: Բայց չնայած սրան՝ բնակիչների մի մասը շարունակում է կաթը «Աշտարակ կաթ»-ին հանձնել: Քանի որ «Դուստր Մարիանան» էժան գնով է մթերում, դրա համար շատերը նախընտրում են «Աշտարակ կաթ»-ին վաճառել: Ուշ թե շուտ մի օր ընկերությունը կմարի իր պարտքերը»:
Իսկ, ահա, Թթուջուրի գյուղապետ Վիգեն Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս գյուղացիներից մի քանիսին ընկերությունը որոշ չափով վճարել է. «Խոստացել են, որ առաջիկայում մնացածը կմարեն: Ասացին, որ սկսել են պանիր արտահանել եւ, ըստ այդմ, արագ-արագ կմարեն պարտքերը: Դե, իրենք ասում են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, դրա համար էլ ուշացնում են, բայց, դե, գյուղացիները ինչ կապ ունեն»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Թթուջուր համայնքների բնակիչների դժգոհությունների հետ կապված դիմեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերությանը եւ հետաքրքրվեց, թե ինչի՞ արդյունքում է ընկերությունը կուտակել պարտքերը եւ ե՞րբ է պատրաստվում դրանք մարել: Մեր գրավոր հարցին ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին հետեւյալը. «Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից, եւ խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Ինչպես գիտենք, կաթնարտադրությունը գյուղատնտեսության առանձնահատուկ ոլորտ է, եւ կաթի մթերումները առանձնանում են խիստ սեզոնայնությամբ: Մասնավորապես, ամռան ամիսներին մթերվող կաթի քանակությունը միշտ ավելի շատ է լինում, քան ձմռան ամիսներին: Ավելցուկային կաթը ուղղվում է պանրի եւ չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքը իրականացվում է հետագա ամիսներին: Արդյունքում, ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, եւ գոյանում է որոշակի պարտք: «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ