ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ նորանկախ Հայաստանի՝ 1995թ. ընդունված, ապա 2005թ. փոփոխված Սահմանադրությունը դրել է իրավական պետության հիմքերն ու ապահովել ճգնաժամային պայմաններում սահմանադրական ճանապարհով դրանք հարթելու մեխանիզմները, այդուհանդերձ հասարակության մեջ դեռեւս գերակշռում է այն կարծիքը, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացները մինչեւ այժմ նախաձեռնվել են ոչ այնքան հասարակական պահանջի անհրաժեշտությունից, որքան քաղաքական շարժառիթներից ելնելով:

2013թ. սեպտեմբերի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրով ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, եւ փաստացի սկսվեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացի նոր փուլը: 2014թ. ապրիլին հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգի նախագիծը առաջարկում է ծառացած խնդիրների լուծման նոր մոտեցումներ:
Իսկ ինչ նոր մոտեցումներ է բերել ՀՀ նոր Սահմանադրությունը:
Փորձագետների կարծիքը
«Ժողովուրդ»-ը, մասնավորապես, կանդրադառնա դատական համակարգի կայացմանն ուղղված հայեցակարգային դրույթներին: Նախ նշենք, որ մի շարք անկախ փորձագետներ դեռեւս նախորդ տարի հայտարարությամբ էին հանդես եկել` դատական համակարգի կայացմանն ուղղված հայեցակարգային դրույթները ընդհանրական գնահատելով: Այսպես՝ փորձագետների մի մասը (հիմնականում փաստաբանները) դատական ատյանների կրճատումն ու երկրորդ ատյանում վերաքննության եւ վճռաբեկության լիազորությունների ներառումը համարում է նպատակահարմար այն հիմնավորմամբ, որ ներկայիս եռաստիճան համակարգի որոշ օղակներ արդյունավետ դատական պաշտպանության երաշխիք չեն հանդիսանում (մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը չի իրականացնում արդար դատաքննություն եւ գործնականում իրավունքի պաշտպանության «անպետք օղակ է»): Ըստ այս փորձագետների՝ նման բարեփոխումը կարող է խնայել պետական ռեսուրսները, կրճատել դատավարության ժամկետները, ինչպես նաեւ նվազեցնել դատական սխալները, մինչդեռ դեմ արտահայտվող փորձագետների մոտ կարծիք է հնչում, որ փոփոխությունն է ինքնին ծախսատար ու աշխատատար:
ՄԻՊ-ի մտահոգությունները
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների նախորդ պաշտպանի գրասենյակը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները:
Ըստ այդմ, նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ նախագահի առաջարկությամբ, երեքին` կառավարության առաջարկությամբ եւ երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Օմբուդսմենի գնահատմամբ` ցանկալի է ապահովել, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատավորները եւս արտահայտեցին իրենց մտահոգությունները եւ իրենց գնահատմամբ դրական կողմերը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի գնահատմամբ, օրինակ, բոլոր փոփոխություններն էլ մտահոգությունների տեղիք են տալիս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` դատարանի նախագահը նշեց, որ նոր մոտեցումները նոր գործելաոճ են պահանջում, իսկ դա էլ իր հերթին` ժամանակ. «Ցանկացած փոփոխություն մտահոգիչ է, պետք է այդ փոփոխության ոգով կարողանալ կառուցել ապագան, կյանքը: Այդ փոփոխության ոգով պետք է համակարգը զարգանա: Սա, իհարկե, մտահոգիչ է: Կարեւոր է, որպեսզի փոփոխությունը կյանքի կոչվի»,- կարճ բնութագրեց դատավոր Սուրեն Մնոյանը:
Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի գնահատմամբ` նախագծում, որի որոշ կետեր արդեն իսկ կարելի է ասել` կյանքի են կոչվել եւ ուժի մեջ մտել, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Այսպես՝ ըստ մեր զրուցակցի` գովելի է այն մոտեցումը, որ փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված եւ վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաեւ վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել եւ չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը, ըստ դատավոր Մուրադ Հովակիմյանի, դատական համակարգ նոր կադրեր կբերի. «Պետք չէ մոռանալ նաեւ, որ դատարանի նախագահը եւ դատավոր է»,-նշեց Մ. Հովակիմյանը:
Անդրադառնալով այն կետին, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166), Մուրադ Հովակիմյանը նշեց. «Սա, միանշանակ, ճիշտ մոտեցում է, քանի որ պետք է ներսից ընտրվի մարդ, որպեսզի մյուս աշխատողների համար եւս հեշտ լինի: Ու սա ընդունել է ցանկացած բնագավառում: Եթե ՍԴ-ի նախագահն այլ վայրից է նշանակվում, գիտելիքների առումով կասկածների տեղիք է տալիս: Բնականաբար, ՍԴ ներսում եղած մարդն ավելի լավ է տիրապետում ոլորտին եւ դրանում առկա խնդիրներին»:
Նշենք, որ ըստ ՄԻՊ-ի գնահատականի` այս որոշումը կապահովի դատարանի անկախությունը:
Ի դեպ, Մուրադ Հովակիմյանը ցանկություն է ունեցել նաեւ առաջարկով հանդես գալ, սակայն չի հասցրել: Նա մեզ փոխանցեց, որ ինքը նպատակահարմար է գտնում, որպեսզի դատավորները, որոնք 65 տարին լրանալուց հետո, ըստ օրենքի պահանջի, պետք է կենսաթոշակի անցնեն, շարունակեն որոշակի ծավալով եւ իրենց համար հարմար գործեր քննել: Սա ըստ դատավորի` նպատակահարմար է այն առումով, որ այդպիսով կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը, եւ թոշակի անցած դատավորները եւս կշարունակեն զբաղվել իրենց սիրած գործով. «Մի տեսակ անարդար է նրանց նկատմամբ օրենքը վարվում: Նրանց գիտելիքներն ավելի թրծված են, եւ կարծում եմ` արդյունավետ կլինի, եթե շարունակեն թեթեւ ռեժիմով աշխատել»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ն առաջիկայում կներկայացնի նաեւ այլ մտահոգություններ եւ առաջարկներ, որոնք կարվեն փորձագետների եւ մասնագետների կողմից` կապված առաջիկայում վերջնականապես ուժի մեջ մտնող նոր Սահմանադրության դրույթների հետ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՔԿՀ-ՈՒՄ
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: ՔԿՀ-ից կտրած-պատռած վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Անդրանիկ Գաբրիելյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կալանավորը մի քանի օր շարունակ ՔԿՀ-ում ասել է, թե. «Ես չեմ նստելու, ես նստողներից չեմ: Ես պիտի ինձ վնասեմ»: Շատերը նրա խոսքերին այնքան էլ լուրջ չեն վերաբերվել, քանի որ, ինչպես խոսվում է քրեակատարողական հիմնարկի ներսում, Անդրանիկ Գաբրիելյանը կալանքի տակ ընկնելու առաջին իսկ օրվանից նման հայտարարություններով է հանդես եկել: Բայց պարզվում է` այս անգամ նա ավելի քան լուրջ էր տրամադրված եւ ի նշան բողոքի` կտրել է երակները:
Նշենք, որ Ա. Գաբրիելյանը կալանավորվել է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի եւ նրա թիկնապահի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 19-ին` առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:
Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց:
Ի դեպ, դատական քննության ընթացքում ինքնավնասում արած կալանավորի պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին Ա. Գաբրիելյանին դատահոգեբանական միջնորդության ենթարկելու պահանջով: Պաշտպանի խոսքով` Գաբրիելյանը հոգեկան խնդիրներ ունի: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, սակայն դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, եւ փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի հրապարակվել:
Հարկ ենք համարում նշել, որ դատական նիստերը եւս անհանգիստ մթնոլորտում են ընթանում: Անդրանիկ Գաբրիելյանի «հանցակիցներից» Հակոբ Բոյաջյանը, օրինակ, նիստերից մեկի ժամանակ հարձակվել էր կարգադրիչների վրա:
Թերեւս, նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանները ստանալուց հետո պարզ կդառնա` Անդրանիկ Գաբրիելյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե ոչ:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը եւ «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ օրենսդրությամբ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփում եւ հրապարակում է ընտրատարածքային հանձնաժողովը: Մեզ միանգամայն հասկանալի կերպով ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով, ավագանու 33 մանդատները հստակ բաշխվում են հետեւյալ կերպ՝ 15 մանդատ՝ «Բալասանյան» դաշինքին, 9 մանդատ՝ ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎԿ-ին եւ 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին: ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը, անտեսելով այս բաշխումը, ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների «բացարձակ մեծամասնությունը» պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ «մնացածը պիտի բաշխվի մյուս կուսակցություններին», որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը… Աբսուրդ է, երբ մեկ քաղաքական ուժը վաստակում է ժողովրդի վստահության քվեն, մյուսը՝ ստանում «օդից»:
Ամփոփելով ստեղծված իրադրությունը՝ մենք հայտարարում ենք հետեւյալը.
1. Եթե թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել եւ հրապարակել ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում եւ պայքարելու ենք արդար վճռի համար նաեւ այլ եղանակներով:
2. Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձեւավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հասկանալու համար, թե ինչպես է նա մեկնաբանում իրավիճակը: «ԿԸՀ-ն այդտեղ որեւէ գործառույթ չունի, ընդհանրապես դա ԿԸՀ տիրույթի խնդիր չի հանդիսանում: Քվեարկությունից հետո՝ 7-րդ օրը, հայտարարվելու են վերջնական արդյունքները»,- ասաց պարոն Մուկուչյանը:




Լրահոս