ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ ՀՀ կառավարության դիմաց կրկին հավաքվել են կոնդեցիները: Նրանց խոսքով՝ այդքան ցույցերը ոչ մի արդյունք չտվեցին: Նրանք դժգոհում են, որ ոչ մեկ իրենցով չի հետաքրքրվել եւ ոչ մեկ ոչինչ չի արել: «Մեզ խոստացան, որ կնշանակեն վարչապետի հետ հանդիպում մյուս շաբաթվա մեջ, բայց այդպես էլ ոչինչ չկազմակերպեցին»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին նրանք:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:
Իլոնա Մեսրոպյան (30 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորթյունները. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքաին ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է` անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջներին նա բավարարում է:
ՀԱՐՑ. Եթե անձն օտարերկրացի է կամ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ աշխատում է Հայաստանում, ապա նման դեպքերում նա կարո՞ղ է մասնակցել կուտակային բաղադրիչին:
Միլենա Հայրապետյան (32 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշխատում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկամուտ, որը հարկվում է եկամտային հարկով):
Այսինքն՝ եթե վերը նշված օտարերկրացին եւ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբունքով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավորության սկզբունքով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները (ծառայություններ մատուցողները), օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, եւ որոնք միացած են (կամ պարտավոր էին միանալ) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, եւ որոնց գործատուները օրենքով կամ միջազգային պայմանագրերով ազատված են հարկային գործակալ լինելու պարտավորությունից, պարտավոր են յուրաքանչյուր ամիս ինքնուրույնաբար հաշվարկել եւ վճարել պարտադիր կուտակային վճարները` սույն օրենքով գործատուների համար սահմանված կանոններով: