Մոսկվա-Երևան ավտոբուսի՝ Ռուսաստանի Դաշնությունում բուժվող 4 տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։
Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։