Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾԵԾԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռադիոմաշտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը: Վերջինս պատմել է, որ «Ալյանս» կուսակցության անդամ իր ծանոթներից մեկը իրեն առաջարկել է «գնալ` խմելու»: Սակայն հետագայում «խմելու վայրում» Խաչատրյանին է մոտեցել մոտ 15 հոգի:

Արտյոմ Խաչատրյանը հրաժարվել է նշել «Ալյանսի» անդամի անունը, սակայն պատմել է, թե իրեն մոտեցած մարդիկ նույն կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել, որոնց հետ է եղել նաեւ հենց Ուրիխանյանը: Պատգամավորը, Խաչատրյանի ներկայացրածի համաձայն, պահանջել է ջնջել shame.am կայքից իր մասին գրված նյութերը` փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայումս լսվում են Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը չի համաձայնվել, ինչից հետո էլ իրեն ծեծի են ենթարկել:
«Ուրիխանյանը Դոն Կոռլեոնեն է, անձամբ չի խփել: Նա հետեւում էր: Ասեց` դու ես մեզ խփել, մենք պաշտպանվել ենք: Ո՞ւմ կհավատան. դու մենակ ես, մենք 15 հոգով»,- մասնավորապես, պատմել է Արտյոմ Խաչատրյանը, ապա հավելել, թե ծեծի հետեւանքով ինքը կորցրել է գիտակցությունը, հետո արթնացել «Տոսկանա» կոչվող օբյեկտում, որտեղ մնացել է երկու օր: Ուշքի է եկել հոկտեմբերի 8-ին եւ ընկերների օգնությամբ գնացել իր բնակարան:
ՀՀ գլխավոր դատախազության` երեկ հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Արամյանց» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի համաձայն՝ Արտյոմ Խաչատրյանի` քթոսկրի կոտրվածք ստանալու պատճառների վերաբերյալ հայտարարության, ապա նաեւ իրավապահներին տված բացատրության առնչությամբ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` Ա.Խաչատրյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը եւ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Եվ մինչ իրավապահները Ա. Խաչատրյանի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստում, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ անձամբ, ապա` իր գրասենյակի տարածած հաղորդագրությամբ կտրականապես հերքում է Խաչատրյանի հայտարարությունները. «Եթե խոսքը այն մարդու մասին է, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Սա այն մարդն է, որն ընտանիքիս, իմ հասցեին սեռական հայհոյանքներ է գրում իր կայքում»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը: Իսկ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, թե. «Այդ անձը shame.am կայքի սեփականատերն է, որին պետությունը տվել է 21.000.000 դրամ գյուղատնտեսական վարկ, մինչդեռ նա զբաղվում է լրագրությամբ: Հենց այդ 21.000.000-ոց գործի առթիվ է Տ. Ուրիխանյանը պատգամավորական հետաքննություն իրականացրել, արել մի շարք բացահայտումներ եւ ուղարկել իրավապահ մարմիններին, իսկ ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ նաեւ հարց ուղղել ՀՀ կառավարությանը: Պաշտոնապես ակնկալում ենք իրավապահ մարմիններից օրերս արված «բռնության» մասին հայտարարության առթիվ սուտ մատնության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդված) նրան պատասխանատվության ենթարկելու գործողություն»:
Եվ այսպես, ինչ է իրականում տեղի ունեցել, ով է «Ալյանս»-ի առեղծվածային անդամը, ով Խաչատրյանին «խմելու» է հրավիրել, եւ ինչ է հայտնի դարձել իրավապահներին:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած հավաստի տեղեկությունների` կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իրավապահներին տված ցուցմունքներում ասել է այն ամենը, ինչ պատմել է նաեւ լրատվամիջոցներին: Իրավապահների մոտ հարց է առաջացել` եթե դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, ապա ինչո՞ւ է Ա. Խաչատրյանը դրա մասին խոսել միայն երեք օր անց: Հարցին ի պատասխան` shame.am կայքի խմբագիրն ասել է, թե ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Թերեւս չենք կարող բացառել նաեւ այն հանգամանքը, որ Խաչատրյանին ինչ-որ մեկը «հուշել է», որ կարող է խոսել, անուններ հնչեցնել: Նման եզրահանգման կարելի է գալ նաեւ այն պատճառով, որ ծեծի ենթարկվածը միայն լրատվամիջոցներով է փորձել բարձրաձայնել իր գլխին եկածի մասին, իսկ իրավապահներին ահազանգ ստացվել է «Արամյանց» բժշկական կենտրոնից, Խաչատրյանն անձամբ չի դիմել:
Իրավապահներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ իր` ուշացումով խոսելը Խաչատրյանը պարզաբանել է այսպես` ինքնազգացողությունս վատ է եղել, հաղորդում տալու ի վիճակի չեմ եղել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ այն առեղծվածային մարդու անունը, ով Արտյոմ Խաչատրյանին առաջարկել է «գնալ` խմելու»: Մեր հավաստի տեղեկություններով` նշված անձը Կարեն Հակոբյանն է, ով, դեռ ճշտվող տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու ընտրացուցակի 3-րդ համարում ընդգրկված անդամն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, թեեւ բաժին ներկայանալու ծանուցում ստացել է: Թե ինչու, թերեւս կարելի է կանխատեսել:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել նաեւ, որ Տիգրան Ուրիխանյանը երեկվա դրությամբ դեռեւս չի հրավիրվել` հարցաքննության: Իսկ այն տասնհինգ երիտասարդների ինքնությունները, որոնք Ա. Խաչատրյանի պատմածի համաձայն` եղել են իրեն ծեծողները, իրավապահները դեռ պարզում են: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր հանդիսացած օբյեկտի աշխատակիցներից մի քանիսն արդեն հարցաքննվել են:
Մնում է սպասել քննությամբ ձեռք բերվող այլ մանրամասների հրապարակմանը` հասնականալու համար` ի վերջո ինչ է տեղի ունեցել, եւ ով է իրականում դաժան ծեծի ենթարկել Արտյոմ Խաչատրյանին կամ արդյոք նա ծեծի է ենթարկվել ընդհանրապես:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի ծառայողական մեքենան պայթեցվել է նռնակով, այն, հավանաբար, կա՛մ ամբողջությամբ չի պայթել, կա՛մ էլ պայթեցնողները հստակ ծրագրել են՝ այդ կերպ փորձելով ինչ-որ բան հասկացնել ՔԿՀ պետին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել Մկրտչյանի տան բակում: Պայթյունից վնասվել են մեքենայի լուսարձակն ու անիվը, ինչպես նաեւ տան պատերից որոշակի հատված:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ եւ օղ: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ: Ըստ քննչական կոմիտեի՝ ոստիկանություն զանգահարել է Գեւորգ Մրտչյանը, որը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հայտնել է, թե ինքը դեպքի պահին տանը չի եղել: «Ժողովուրդ»-ը ՔԿՀ պետ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ում է նա կասկածում, վերջինս ասաց, թե դիմեք իրավապահներին՝ տեղեկությունների ճշտման համար: Մեր դիտարկմանը՝ թշնամիներ ունի՞, թե՞ ոչ, Մկրտչյանը պնդեց, թե ինքը թշնամիներ չի ունեցել: Ավելին, մեզ հետ զրույցում նշեց, թե իր մեքենայի պայթյունը չի կապում մասնագիտական գործունեության հետ՝ վստահեցնելով, որ դեպքը թյուրիմացության արդյունք է: Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել:
Նշանակվել են դատապայթյունատեխնիկական, հետքաբանական, շինարարական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: Մկրտչյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես հավասարակշռված անձնավորություն, ասում են՝ անձնական կյանքում թշնամիներ դժվար թե ունենար: Մեր աղբյուրը եւս պնդում է, որ սա հավանաբար կապված է նրա գործունեության հետ: Երեկվա դրությամբ դեռեւս կասկածյալ չկար: Հավելենք, որ Գեւորգ Մկրտչյանը մինչ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելը, նույն պաշտոնը զբաղեցնում էր «Կոշ» ՔԿՀ-ում: «Վանաձոր» ՔԿ հիմնարկ տեղափոխվել է անցած տարի:
Hraparak.am-ի հետ զրույցում ՔԿՀ պետը հայտնել է, որ իր մեքենան չի վնասվել. «Իմ թոռը նայում ա, իմ էրեխեն Ռուսաստանում նայում ա, նայել վատացել ա. ես դրա պատասխանը ո՞նց տամ: Իմ մեքենային ընդհանրապես բան չի եղել»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից hոկտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լեւոնի Համբարձումյանին ուղղաթիռով Ստեփանակերտից տեղափոխել են Երեւան՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:

 

 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանեշվիլիին եւ ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեւդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԽՆԴՐՈՎ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաեւ վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման եւ բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:

 

 

ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում՝ ծառի վրա, քաղաքացին հոսանքահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բալահովիտի բնակիչ, 1967 թ. ծնված Գ. Խ.-ը ծառի վրա աշխատելիս հոսանքահարվել է: Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

 

ԿԺԱՄԱՆԻ
Մոտակա առաջիկայում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:




Լրահոս