ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետն անձամբ էր ցանկացել գործարարներից լսել այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը. «Մենք ինչ պետք է անենք, որ դուք ձեզ զգաք ապահովագրված եւ համարձակ գործ անեք»,- հարցադրում էր արել Կարապետյանը, ապա լսել գործարարներին:

Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ»-ը ԱԺ նախկին պատգամավոր, գոծարար, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբորից՝ Արեգ Ղուկասյանից, փորձեց հետաքրքրվել, թե ինչ արդյունք տվեց գործարարների հանդիպումը նորանշանակ վարչապետի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, Դուք եւս ներկա էիք վարչապետի հետ հանդիպմանը: Ի՞նչ առաջարկներ եք արել, եւ ինչ լուծումներ են Ձեզ ներկայացվել:
-Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսելը, հանդիպման արդյունքում Հայաստանի գործարարների միությունը ուղակեց իր առաջարկները՝ նոր ծրագրի հետ կապված, ընդհանրապես նոր վարչապետին, եւ տեսնենք՝ ինչպես այդ նոր առաջարկները կընդգրկվեն ծրագրի կամ ամենօրյա աշխատանքի մեջ:
-Կոնկրետ կարո՞ղ եք նշել Ձեր ներկայացրած առաջարկներից մեկը:
-Դրա մասին խոսելը դեռ վաղ է, դա ընդամենը առաջարկների տեսքով է եղել: Մենք մեր հանդիպման, խոսակցությունների, հարցադրումների հետ կապված ենք ուղարկել մեր առաջարկները, եւ դրանք հրապարակման ենթակա չեն:
-Գոնե կասեք՝ ե՞րբ եք այն ուղարկել, եւ հնարավոր պատասխանը ե՞րբ կլինի, որպեսզի հասկանանք՝ ընդունվել են այդ առաջարկները, թե ոչ :
-Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին: Դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերեւա ծրագրի մեջ: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել: Վարչապետը հանդիպման ժամանակ ինքը խնդրեց, որ ուղարկենք մեր առաջարկները ծրագրի հետ կապված, եւ դա մենք արեցինք:
-Եթե Ձեր առաջարկները չընդունվեն, որո՞նք կլինեն Ձեր հետագա քայլերը:
-Գիտեք ինչ, սա մի քիչ, կարծում եմ, Կիկոսի պատմության պես է ստացվում, եթե սենց լինի, ինչ կլինի, կարծում եմ՝ կլինի, եւ մենք էլ մեր քայլերը…: Կարծում եմ՝ նորմալ կլինի, ես մեծ հույսեր եմ կապում այս կառավարության եւ այս վարչապետի հետ:
-2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս հանդիպել էր գործարարների հետ, hավասար մրցակցային դաշտ ստեղծելու խոստումներ էր տվել…
-Ոչ մեկ անգամ:
-Բայց արդյունքը, ըստ էության, տեսանելի չեղավ..
-Վարչապետի հետ հանդիպումների բնույթը այսպիսին է. նրանք գործարարներին խորհրդակցության համար են հրավիրում, խորհրդակցում են տարբեր հարցերի շուրջ, իհարկե, ինչ-որ բաներ փոխվում են, ինչ-որ բաների շուրջ համաձայնում են, ինչ-որ բաների հետ չեն համաձայնում: Չի կարելի միանշանակ ասել, որ հանդիպեցինք, վաղը արդյունք եղավ: Իրենք, այսպես ասած, իրենց աշխատանքի մեջ հարցեր են ունենում, որոնց մասին հարկ են համարում խորհրդակցել գործարարների հետ, եւ մենք մեր կարծիքը պարզ, բաց ասում ենք: Թե ինչքանով դա կօգնի, չի օգնի, ժամանակը ցույց կտա, այսօր դժվար է ասել:
-Վարչապետը խոսեց համարձակ, դուխով գործելու մասին, Դուք դուխով չե՞ք գործում:
-Ես անձամբ միշտ էլ դուխով եմ գործել, դա այնպիսի հարց է… եթե ինձ է վերաբերում, միշտ էլ դուխով եմ գործել:
-Մի՞գուցե Ձեր մյուս գործընկերներին նկատի ուներ, որոնք դաշտում դուխով չեն գործում:
-Իհարկե, ուրիշների փոխարեն չեմ կարող ասել:
-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Դուք հարկերը ժամանակին չեք վճարե՞լ կամ անբարեխղի՞ճ եք գործել:
-Երբեք խնդիր չեմ ունեցել, միշտ էլ հարկերը մաքուր եմ վճարել, դրա մասին խոսում են բազմաթիվ ստուգումները, որոնք մեզ մոտ տեղի են ունեցել: Ընդհանրապես, առանց ստուգումների էլ երբեք հարկ չեմ թաքցրել պետությունից եւ չեմ էլ պատրաստվում նման բան անել:

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԶՈԼԱՎՈՐ ՇՈՐԵՐ ՀԱԳՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է

Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր զբաղեցրած պաշտոններից եւ լքում է ՀՀԿ շարքերը. «Ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից: Հայտարարում եմ, որ այսուհետ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն եւ ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: Հայտարարում եմ, որ եթե այսօրվա իմ ելույթից հետո իմ կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Այս աղմկալի հայտարարությունից հետո Դալլաքյանը ներկայացրեց իր որոշման պատճառները.«Ինձ մեկուսացրել են, տվել են մի աշխատանք, որ քաղաքական կյանքի վրա ազդել չի կարող, եւ ես ընդունել եմ այդ աշխատանքը: Բայց ես հասկացել եմ, որ այս առաջարկն ընդամենը եղել է քաղաքական կյանքից ինձ մեկուսացնելու աշխատանք: Ես ընդունել եմ այդ խաղի կանոնները: Մնացել եմ նախագահականում, որ քարերը լավ հավաքեմ»: Իսկ թե կոնկրետ ինչու հիմա որոշեց խոսել այդ մասին, Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց, որ ժամանակին համաձայնել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնել, որովհետեւ կա քարերը հավաքելու եւ քարերը նետելու ժամանակը, եւ այժմ եկել է իր՝ քարեր նետելու ժամանակը: Դալլաքյանը պնդեց, որ այս ընթացքում` 4 տարի շարունակ, Սերժ Սարգսյանի հետ ընդհանրապես չի հանդիպել:
Վերջինս նաեւ անդրադարձավ 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` մասնավորապես Վանաձորում իր կրած պարտությանը. «Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր 2012 թ-ին, որ շարունակենք համագործակցությունը: Ես համաձայնել եմ: Նույն թվականի մայիսի վեցին Սերժ Սարգսյանն իմ դեմ օգտագործել է «լուսավոր հանցագործին» /նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ք. Մ/ եւ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Այնուհետ 2012 թ-ի մայիսի ութին Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ, որին ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ կաթողիկոսը: Նախագահի հետ առանձին խոսակցություն ունեցա: Ինձ հարցրեց` ինչու այդպես եղավ: Ասացի` «ինչու այսպես եղավ»-ի պատասխանը պետք է Ձեզանից ստանամ: Ինչպես կարող էր պատահել, որ Դուք հրապարակայնորեն պաշտպանել եք, սակայն ես չեմ ընտրվել: Ասացի նաեւ, որ այդ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, 1 տարի 17 օր Հայաստանում չի եղել, այլ երկրում է ապրել: Ասաց` բողոքարկիր: Բողոքարկել եմ, ինձ մերժել են»: Դալլաքյանի տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը 2012 թ-ին ընդունել է նաեւ Էդմոն Մարուքյանին: «Սրանով ինձ հասկացրեց, որ ամեն ինչ ավարտվել է: Պետք է «Լուսավոր Հայաստան»-ի ականջը բռնել եւ ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ: «Լուսավոր Հայաստանն» ունի պապաներ բարձրաստիճան վերնախավում: Մամաներին չգիտեմ»,-եզրափակեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի կողմից տարիներ առաջ արված հայտարարությանը` խաղատներում Սերժ Սարգսյանի մսխած գումարների, ինչպես նաեւ նրան զոլավոր շորեր հագցնելու մասին, վերջինս վստահեցրեց, որ իր խոսքերը մնում են ուժի մեջ:
Անդրադառնալով իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անդամակցությանը, որի մասին մամուլն օրեր շարունակ գրում էր, Վ. Դալլաքյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, այլ նշեց, որ Օհանյանն իր գործունեության եւ ծրագրերի մասին որեւէ հրապարակային հայտարարություն չի կատարել, եւ ինքն էլ ձեռնպահ կմնա որեւէ գնահատական տալուց:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ՈՐՏԵ՞Ղ Է ԲԱԲԱՅԱՆԸ
ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ինքը տեղեկություն ունի, թե ներկայումս որտեղ է գտնվում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, եւ որն է նրա լռության պատճառը: Ի պատասխան՝ Խանումյանն ասաց. «Այս ամսվա վերջ Ստեփանակերտում է եղել, հիմա կարող է Երեւանում լինի: Իր գործերով է զբաղված, որեւէ հրապարակային գործունեությամբ չի զբաղվում»:

 

 

ՓԵՍԱՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ
ՀՀ Արարատի մարզի Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Սաշա Հակոբյանը կպաշտոնավարի մինչեւ այս տարվա նոյեմբերի 12-ը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց Ս. Հակոբյանը՝ միաժամանակ պարզաբանելով. «Բայց բնակիչների մի մասը չիմանալով, որ Դավիթ Համբարձումյանը դեռ չի ստանձնել քաղաքապետի պաշտոնը, իրենց խնդիրներով զանգահարում են նրան, իսկ ինքն էլ պատասխանում է, որ նոյեմբերի 12-ից հետո է անցնելու քաղաքապետի աշխատանքին»: «Ժողովուրդ»-ը Հակոբյանից տեղեկացավ նաեւ, որ այս ընթացքում Համբարձումյանը չի այցելել քաղաքապետարան: Միայն նախընտրական շրջանում հանդիպել է քաղաքապետարանի աշխատակիցներին եւ խոստացել, որ կադրային ջարդ չի իրականացնելու: Ինչին շատերը չեն հավատում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Մասիսի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն էր, որն էլ մեկ ամսից կդառնա քաղաքապետ: Նա թույների Մհերի` Մհեր Համբարձումյանի որդին է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի փեսան: Ու միայն այդ «արժանիքի» համար առանց մրցակցի Դավիթը քաղաքապետ դարձավ: Թիկնապահ աները, օգտագործելով ուժային բոլոր լծակները, փեսային նստեցրեց քաղաքապետի աթոռին:

 

 

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՏՈՒՆՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» ՓԲԸ-ի կողմից առաքիչների դեմ հայցեր ներկայացնելու պատմությանը: Առաքիչների պարտքը կազմում էր 1 միլիոն 950 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին «Սլավ-Գրուպ» ՓԲԸ դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սիրան Աֆյանի եւ Դավիթ Սարգսյանի՝ պահանջելով նրանց համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ միաժամանակ միջնորդելով գույքի նկատմամբ արգելանք կիրառել: Դատը նախագահող Նաիրա Ավետիսյանը մերժել է «Սլավ-Գրուպի» միջնորդությունը: Իսկ թե ինչպես կավարտվի այս գործը, ցույց կտա ժամանակը:




Լրահոս