ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության Գյումրու մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը: Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, այլ հյուրեր:
Ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ Գյումրու մասնաճյուղը Երևանից և Արցախից հետո երրորդն է Հայաստանում:
Նրա խոսքով՝ այստեղ իրականացվող աշխատանքների արդյունքները կօգտագործվեն աշխարհի ավելի քան 60 երկրներում:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին մասնաճյուղի բացման առթիվ՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ «Սիներջիի» մուտքը մեծ հնարավորություն է տալիս Գյումրիում ՏՏ ոլորտը զարգացնելու համար:
Նախարարը կարևորեց նաև, որ ՏՏ ոլորտի գործունեությունն առավելապես ուղղված լինի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի և ուղղությունների զարգացմանը:
Նախարարը երիտասարդ աշխատակիցներին մաղթեց բարեհաջող սկիզբ և արդյունավետ գործունեություն:
«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերությունը ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր, դիտարկման և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության և այլ ոլորտներում ինչպես պետական և միջազգային, այնպես էլ հասարակական և մասնավոր կազմակերպությունների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն