Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա հետիոտնային անցումների և դրանց շահագործման ու պահպանման խնդրին: Ըստ այդմ, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ապահովել տվյալ տարածքներում գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից գետնանցումները պատշաճ տեսքի բերելու պարտավորության կատարումը:

«Մայրաքաղաքի գետնանցումների հիմնական մասն այսօր տրված է վարձակալության: Ու թեև համապատասխան պայմանագրով ամրագրված են դրանց շահագործման պայմանները, գետնանցումների տեսքն այսօր հեռու է բավարար լինելուց: Դա ուղղակի անթույլատրելի է ու աններելի: Ըստ այդմ, գետնանցումների վարձակալների և դրանք շահագործողների հետ քննարկեք այս հարցը: Նրանք պարտավոր են սեփական միջոցներով և կարճ ժամկետներում պատշաճ տեսքի բերել տարածքները: Եթե վարձակալը կամ գետնանցումը շահագործող անձը չի կատարի պահանջը, ապա կվերանայվեն վերջինների հետ կնքված պայմանագրերը, քննարկման կդրվի նաև նրանց փոփոխման հարցը: Այս հարցում պետք է լինենք կոշտ և պահանջողի դերում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի Մետրոպոլիտենի տնօրինությանը նույնպես տրվել է հանձնարարական՝ պատշաճ տեսքի բերել դեպի մետրոյի կայարաններ տանող գետնանցումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս