Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՓԲԸ-ների գործառույթների 2016թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները:
Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև «Թեժ գծով» ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել և հետևողական աշխատանք տանել ընդունելությունների շրջանակում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալուն, ինչպես նաև «Թեժ գծով» ստացված ահազանգերին ժամանակին ու սպառիչ պատասխաններ տրամադրելուն: Քաղաքապետը հանձնարարել է նաև ըստ ոլորտների ներկայացնել առաջարկություններ՝ մայրաքաղաքի զարգացման ծրագրում ներառելու համար:
«Մենք կատարում ենք թիմային աշխատանք և ինձ համար շատ կարևոր է նաև ոլորտների պատասխանատուներից լսել կոնկրետ նախաձեռնությունների առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր քաղաքի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը: Մենք հաշվետու ենք մեր բնակիչների առջև և հենց թիմային աշխատանքի արդյունքում կարող ենք կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք սպասված են մեր բնակիչների կողմից»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն