Վարչական դատարանը որոշում է կայացրել մերժել «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի համացանցի էջից:
«Վարչական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հայցն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման։
Մենք պահանջում էինք վերանայել ԸԸՀ ավագանու անդամների բաշխման արդյունքները:
Անշուշտ, դատարանի կայացրած որոշումը չի կարող բավարարել ինչպես մեր քաղաքական միավորներին այնպես էլ գյումրեցի ընտրողների մեծամասնությանը:
Այն նույն ընտրողների, որոնց կողմից ոչ իշխանական ուժերին տրված ձայների և արդյունքում ստացած ավագանու անդամների ընդհանուր հանրագումարը մաթեմատիկական պարզ մեծամասնություն է կազմում:
Անըմբռնելի է, քանի որ ԸՕ-ի բոնուսային համակարգի արդյունքում Գյումրիի քաղաքապետը չի ստացել գյումրեցիների մեծամասնության քվեն: Միևնույն ժամանակ չհիմնավորված է, թե փաստացի ինչու է ԲՀԿ-ից և ՀՎ-ից վերցվում ավագանու մեկական մանդատ:
Այսպիսով` խախտվում է ընտրողների կողմից մեզ տրված քվեների արդար բաշխման սկզբունքը:
Ինքնին բոնուսային համակարգն իր մեջ մի շարք բացեր ունի, որի արդյունքում ընտրական գործընթացի ավարտին կարող է ձևավորվել փխրուն կայունություն, իր համապատասխան անկանխատեսելի հետևանքներով:
Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան, և անգամ ԵՎրոպական դատարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-նշել է նա: