ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` անձը կարո՞ղ է փոխել ընտրված ֆոնդը եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի գործունեությունը:
Մարիաննա Սեդրակյան (42 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը եւ ֆոնդի կառավարչին կամ ցանկացած պահի ընտրել նոր ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ՝ հետագա նպատակային սոցիալական վճարներն ուղղելով այդ ֆոնդին: Մասնակիցները 2014 թվականի ընթացքում չեն կարող փոխել կենսաթոշակային ֆոնդը եւ կառավարչին:
2015 թվականից սկսած, տարին մեկ անգամ՝ անվճար, դրանից հետո՝ որոշակի վճարի դիմաց (որը չի կարող գերազանցել գումարի տեղափոխման հետ կապված ծախսերը), մասնակիցը կարող է ցանկացած պահի փոխել ֆոնդը եւ կառավարչին: Նույն կառավարչի մոտ ֆոնդերի փոփոխությունն անվճար է եւ առանց սահմանափակումների:
Տեղեկացնում ենք նաեւ, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի գործունեությունը կարգավորում եւ վերահսկում է ՀՀ Կենտրոնական բանկը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաեւ իր ինտերնետային կայքում տեղադրել ընկերության ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ի դեպ, ՀՀ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ: Նշենք, որ մասնակցի կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են մասնակցի անձնական սեփականությունը: