Քննարկվել են ագրարային ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն:

«Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, սակայն մեր երկու երկրների միջև առկա են փոխշահավետ համագործակցության այլ հնարավորություններ ևս, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Ընդգծելով, որ այսօր մեր գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկը նորագույն գյուղտեխնիկայով վերազինումն է` Իգնատի Առաքելյանը որպես համագործակցության հնարավոր ուղի իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը: Բացի այդ, նկատի ունենալով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Դեսպանը հավելել է, որ Բելառուսում արտադրվում են նաև կերահավաք և հացահատիկահավաք կոմբայններ և առաջարկել է ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները ևս:

Դեսպան Իգոր Նազարուկը, համառոտ ներկայացնելով Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներն ու վերջին շրջանում գրանցված հաջողությունները, առանձնացրել է այն ոլորտները, որոնցում Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն` մասնավորապես ընդգծելով բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների և օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս