Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են գազաէներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը և հատկանշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է նաև, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:
Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Արձանագրելով ծավալած երկարատև աշխատանքի դրական արդյունքները, Ա. Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ա. Միլլերը կարևորել է նաև Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:

Ընդգծելով «Գազպրոմ»-ի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Ա. Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմ»-ի ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի ապագայի համար:

Վարչապետը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:




Լրահոս