«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տեւեց մոտ մեկ ժամ: Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի էին: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչեցված ինչ-որ հարց անասելի բորբոքել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանին` Շմայսին: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման բուն թեմային, ապա «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ փակ քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը հիմնականում կրկնել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցրած իր ելույթը:
Ակնհայտ է, որ պատգամավորներն հանդիպման արդյունքում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չէին ստացել, քանի որ մեր տեղեկություններով՝ վերջում որոշվել է առաջիկայում եւս մեկ քննարկում կազմակերպել, գուցե ոչ ԱԺ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ ներկայացրել է բանակում առկա խնդիրները, սակայն դրանց լուծումների վերաբերյալ կոնկրետ քայլերը մատնանշելուց հիմնականում ձեռնպահ է մնացել: Երեկ նա հրաժարվեց նաեւ «ոտքի վրա» պատասխանել լրագրողների հարցերին՝ ուղղորդելով դիմել լրատվական ծառայություն»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: