Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ականները քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսկացության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակացական հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան կատարած այցին և ԱԺ քառօրյային:
Վերջինս պատասխանելով այն հարցին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմե՞լ է ՀՀԿ կուսակցությանն անդամակցելու համար, ասաց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ կուսակցությանն անդամակցելու համար դիմի-չդիմի՝ նա Հայաստանի հանրապետական կուսակցության թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, եւ պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն է եւ մենք լիարժեքորեն, իր հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությանը: ՀՀԿ-ն ինչպես եղել է Վազգեն Սարգսյանի կառավարության պատասխանատուն, այնպես էլ այսօր Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն է»:
Շարմազանովը նաև նշեց, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ կուսակցությանն անդամակցության հարցն այսօրվա ԳՄ նիստում չի քննարկվել:
Անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին շրջանառվող լուրերին, Շարմազանովն ասաց, որ այդ թեմայի վերաբերյալ եւս որեւէ հարց չի քննարկվել ԳՄ նիստի ընթացքում:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն, քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում, հերիք է հետ նայեք»,- ասաց նա: